ԱՄՆ-ում փորձարկում կանցնի առանց ղեկի եւ ոտնակների ավտոմեքենան

Լիովին ինքնուրույն կառավարմամբ առաջին ավտոմեքենային թույլատրվել է փորձարկումներ անցնել ԱՄՆ-ի ճանապարհներին: Մեքենան զուրկ է ղեկից, ոտնակներից և կողային հայելիներից:

Nuro ընկերությունը, որը զբաղվում է դիզայնի մշակմամբ, արտադրում է ինքնագնաց ֆուրգոններ առաքման համար: Մեքենան Nuro ավտոմեքենաների երկրորդ սերունդն է՝ R2 անվանումով: Լիովին ինքնավար մեքենան փորձարկվելու է Հյուսթոնում ՝ Տեխաս նահանգի ամենամեծ քաղաքում: Սա առաջին շեղումն է ընդունված կանոններից , որի պահանջն այն է, որ տրանսպորտային միջոցներն ապահովված լինեն կառավարման համակարգով և օպերատորի կողմից վերահսկելու հնարավորություն լինի:

Հատուկ հայտարարության մեջ ԱՄՆ-ի տրանսպորտի նախարար Էլեյն Չաոն հայտարարել է, որ հաշվի առնելով մեքենայի առավելագույն արագությունը, որը սահմանափակված է ժամում 25 մղոնով, այդ պահանջներն «այլեւս իմաստ չունեն»: Նշվում է նաև, որ Տրանսպորտի վարչությունը (DoT) միաժամանակ ուժեղացնելու է թեստավորման վերահսկողությունը:

Հավելենք, որ լիովին ինքնավար մեքենան ունի ձվաձև կառուցվածք և առաքման համար նախատեսված երկու առանձին խցիկներ՝ ջերմաստիճանի կարգավորմամբ: Մեքենայի դռները բացվում են այն պահին, երբ պատվիրատուն հավաքում է կոդը: Միայն դրանից հետո նա կարող է վերցնել իր պատվերը: