Ամփոփվել են Միկրոէլեկտրոնիկայի 13-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները

Միկրոէլեկտրոնիկայի հերթական՝ 13-րդ ամենամյա միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլը կայացել է Հայաստանում՝ «Սինոփսիս Արմենիայի» ուսումնական դեպարտամենտում: Մրցույթին մասնակցող երկրների աշխարհագրությունն այդ փուլում ևս եղել է ներկայանալի. 38 մասնակից՝ 18 երկրից՝ ԱՄԷ-ից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բելառուսից,  Բրազիլիայից, Գերմանիայից, Եգիպտոսից, Թաիլանդից, Իրանից,  Հայաստանից, Հորդանանից, Սաուդյան Արաբիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Վիետնամից, Վրաստանից, Ուկրաինայից և Ուրուգվայից:

Մրցանակաբաշխության արարողությունը կայացել է Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում՝ հանդիսավոր երեկոյի ընթացում։

Առաջին մրցանակակիր է դարձել Միլոշ Սրպսկոն՝ Սերբիայից։

Երկրորդ տեղը զբաղեցրել է Յե Դինգը՝ Գերմանիայից։

Երրորդ մրցանակին արժանացել է Ֆաբիան Տորրեսը՝ Ուրուգվայից։

2006 թ.-ին Հայաստանի վարչապետի բարձր հովանու ներքո մեկնարկած օլիմպիադան բացահայտում և ոգևորում է մինչև 30 տարեկան տաղանդավոր ճարտարագետներին, կարևոր դեր է խաղում միկրոէլեկտրոնիկայի կրթության հարցում, խթանում է ոլորտի զարգացմանը՝ Հայաստանում և մասնակից երկրներում: Այն երիտասարդ մասնագետների շրջանում մեծացնում է հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ՝ ստեղծելով ոլորտի երիտասարդ մասնագետների համայնք, ինչպես նաև օգնում բացահայտել երիտասարդ մասնագետների՝ ոլորտին առնչվող  գիտելիքների մակարդակը՝ տարածաշրջանային կրթական ծրագրերում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով:

Օլիմպիադայի առաջին փուլին մասնակցել է 342 երիտասարդ, 22 երկրից՝ ԱՄԷ, ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս,  Բրազիլիա, Գերմանիա, Եգիպտոս, Էկվադոր, Թաիլանդ, Իրան, Կոլումբիա, Կոստա-Ռիկա, Հայաստան, Հորդանան, Սաուդյան Արաբիա, Ռուսաստան, Սերբիա, Վիետնամ, Վրաստան, Ուկրաինա, Ուրուգվայ և Ֆիլիպիններ: Առաջին փուլի 342 մասնակիցներից 88-ը ներկայացրել են մեր երկիրը:

Այս տարի ևս օլիմպիադայի մրցութային ծրագրում ընդգրկվել են հետևյալ թեմաները՝ թվային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, անալոգային և խառը ազդանշանային ինտեգրալ սխեմաների նախագծում և թեստավորում, կիսահաղորդչային սարքեր և տեխնոլոգիա, ինտեգրալ սխեմաների ավտոմատացված նախագծման մաթեմատիկական և ալգորիթմական ապահովում:

Արդեն յոթ տարի, օլիմպիադան կազմակերպվում է Էլեկտրոնային և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհուրդի (IEEE TTTC) հետ համագործակցությամբ: