«Այբ»–ի սաները The National Robotics Challenge–ից վերադարձել են մրցանակներով

«Այբ» դպրոցի ինժեներական ակումբի սաները վերջերս մասնակցել էին ԱՄՆ–ում անցկացվող տեղական  The National Robotics Challenge մրցույթին, որտեղից վերադարձել էին բազմաթիվ մրցանակներով` երկու խրախուսական մրցանակ The National Robotics Challenge–ի գլխավոր հովանավոր Հոնդա ընկերության կողմից, բացի այդ ֆաբլաբի սաների ստեղծած լուծումները արժանացել էին երրորդ պատվավոր հորիզոնականին։ Ittrend.am–ը հանդիպեց, զրուցեց մասնակիցներից` Սերգեյ Սուրենյանի, Հայկ Արաբյանի, Շանթ Սարգսյանի  ու նրանց թիմի ղեկավար` Վազգեն Գաբրիելյանի  հետ։ Ներկայացնում ենք մեր այցելությունը «Այբ»–ի ֆաբլաբ։

 

–Վազգեն, կպատմեք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում The National Robotics Challenge–ը և ինչքանո՞վ է կարևոր մասնակցությունը նման մրցույթին։

The National Robotics Challenge աշխարհում ամենահին և շարունակական բնույթի ռոբոտաշինության բնագավառում մրցույթ է, որին  մասնակցում են 1000 մասնակիցներով 100–ավոր թիմեր։ Ամեն տարի ապրիլի վերջին ԱՄՆ–ի տարբեր նահանգներից մեկնում են Մարիոն քաղաք  և մասնակցում։ Մրցույթը ունի տարբեր կատեգորիաներ։ Ինչ վերաբերում է «Այբ»–ի մասնակցությանը, մենք  2011 թվականից մասնակցում ենք և՛ տեղական, և՛ միջազգային մրցույթներին։ Առաջին  անգամ այս մրցույթին մասնակցել ենք 2016–ին և ունենալով հաջողություն ու տեսնելով մրցույթի լրջությունը` որոշեցինք մասնակցել անցյալ տարի։ Անցյալ տարի էլ  հույս ունենալով ավելի լուրջ արդյունքներ գրանցել` որոշեցինք մասնակցել  նաև այս տարի։ Ցավոք, Հայաստանում տեղական մրցույթներ չկան շատ, և փորձում ենք  աշխարհում տեղի ունեցող ռոբոտաշինության մրցույթներին ներկայանալ, որպեսզի նախ մեր մակարդակը  բարձրացնենք ու հետո էլ` նոր գիտելիքներ ստանանք, գաղափարներով կիսվենք։

–Թիմը բավական մեծ է ու մասնակիցներին  ստիպված եք եղել ընտրել։ Ինչպե՞ս եք ընտրել` ով պետք է գնար։

–Այո, թիմը մեծ է` 30–40 աշակերտ կա ու բոլորը մասնակցում են ռոբոտաշինության դասերին։ Բնականաբար, տարբեր նախասիրություններով մասնակիցներ ունենք` մեկը սիրում է նախագծերի վրա աշխատել, մեկը` բացառապես մրցութային նախագծերի, բայց անկախ ամեն բանից, բոլորն իրենց ներդրումն ունեն մրցութային ռոբոտների մեջ։ Ինչ վերաբերում է ընտրությանը, նախ երեխաներին  տրվում է հնարավորություն հասկանալ, թե իրենց մեջից, ով պիտի գնա, ով ավելի օգտակար կլինի  Նահանգներում մրցույթի պահին, ով ավելի շատ գիտելիքներ ունի  ռոբոտի մասին ու պատկերացում  տվյալ մրցույթի մասին։ Մենք փորձում ենք այնպես անել, որ ամեն տարի նոր թիմ գնա` եթե այս տարի այս երեքն են գնացել, մյուսին` հաջորդ երեքը կգնան, որ բոլոր մասնակիցները գնալու հնարավորություն պիտի  ունենան։

–Մինչ այս ի՞նչ եք ներկայացրել մրցույթին։

–Այս մրցույթին առաջին անգամ 2016–ին մասնակցեցինք  ավտոնոմ «Սումո» ռոբոտով, որը 25 կգ քաշ ունեցող ծանր ռոբոտ է և նախատեսված է հակառկորդին հատուկ դաշտից դուրս մղելու համար։ Այդ ժամանակ մրցույթում զբաղեցրինք երկրորդ տեղը և Հոնդայի  ինովացիոն մրցանակին արժանացանք, որը առաջին տեղից էլ ավելի բարձր մրցանակ է, քանի որ Հոնդայի ինժեներների մեծ խումբ այդ որոշումը կայացնում է ելներով թե ինչքան օրիգինալ է ռոբոտը, ինչ միտք է դրված դրա մեջ, ինչքան են դրանք նորարական։ Երկրորդ տարին մասնակցել ենք «Կոմբատ» ռոբոտով, որի նպատակն էր  ոչնչացնել հակառակորդի ռոբոտին։ Այդ ժամանակ գրավել ենք երրորդ տեղը։ Այս տարի ունենք Հոնդայի երկու ինովացիոն մրցանակ, քանի որ հանդես ենք եկել  երկու ռոբոտով և երկու կատեգորիայում ենք ներկայացել։ Սա բավական լուրջ ցուցանիշ է, նման բան չի եղել մրցույթի պատմության մեջ։ Իրենք էլ զարմացած էին, մանավանդ արտասահմանյան մի քանի թիմ, որովհետև թիմեր կան, որ տասնյակ տարիներ մասնակցում են և մեկ մրցանակ անգամ չունեն Հոնդայից։ Եվ բրոնզե մրցանակ ունենք այս տարի։

–Ինչքանո՞վ է կարևոր նման մրցույթներին աշակերտների մասնակցությունը։

–Նախ  տալիս է հնարավորություն տեսնել շատ այլ լուծումներ, շփվել տարբեր թիմերի հետ, որոնց ռոբոտների մեջ ներդրած մտքերը բավականին տարբերվում են։ Փորձի փոխանակում` թիմերը շփվելով նոր տեխնոլոգիաներ են սովորում, նոր նյութեր հետ են ծանոթանում։ Ծանոթություններ են ձեռք բերվում։ Եվ ամենակարևոր բաներից մեկը` մարդիկ իմանում են, թե Հայաստանը որտեղ է գտնվում ու ինչ կարող է անել իր մի քանի հոգի լինելով։

–Ինչի՞ պակաս կար մեր ռոբոտներում, որ առաջին հորիզոնականը մեզ բաժին չհասավ ու ի՞նչ կատարելագործվելու տեղեր ունենք։

–Այս մրցույթը թույլ է տալիս մասնակցել և՛ պատրաստի, և՛ զրոյից ստեղծված լուծումներով։ Մենք միշտ գնում ենք զրոյից  ստեղծված լուծումներով, որպեսզի  աշակերտներին տանք ֆունդամենտալ գիտելիքներ։ Այն թիմերը, որոնք գնում են պատրաստի  լուծումներ, բնականաբար, ունեն ավելի մեծ հնարավորություններ առաջին տեղը գրավելու համար քանի որ այդ պատրաստի  լուծումները տարիներ շարունակ տարբեր ֆիրմաների մշակած լուծումներն են։ Նույն այս մրցույթում, առաջին տեղում հայտնված թիմը օգտագործել էր պատրաստի ավտոպիլոտ, որի ծրագրի մեջ ուղղակի երեք թիվ էր ներդրել  ու զբաղեցրեց առաջին տեղը։ Մենք ամեն բան ինքներս էինք սարքել` ավտոպիլոտը, ծրագիր գրելը։ Մենք  կարող էինք 100 դոլար ավել ծախսել, գնել պատրաստի լուծում և գրավել առաջին տեղը, բայց Հոնդայի  ինովացիոն մրցանակները խոսում են հենց այն մասին, որ միտքը ամբողջությամբ մերն է, տեխնոլոգիան էլ է` մերը և ցուցաբերված է ֆունդամենտալ աշխատանք։

–Զրոյից ռոբոտ  ստեծելու ու  այն հավաքելու համար ինչքա՞ն ժամանակ է անհրաժեշտ։

–Ունենք երկու ռոբոտ, որոնք մասնակցել են այս մրցույթին,  բոլորն էլ հավասարապես աշխատել են ռոբոտների վրա։ Ժամանակը շատ հարաբերական է` միշտ սկզբում ժամանակի  10 տոկոսը գնում է գործը 90 տոկոսով անելու վրա, իսկ հետո ժամանակի 90 տոկոսը գնում է վերջին 10 տոկոսը ավարտելու վրա։ Մենք ռոբոտը ստեղծել ենք  4–5 ամսում, բայց հետո մի այդքան էլ ծախսել ենք ռոբոտը վերջնական տեսքի բերելու համար։

–Իսկ ինչպե՞ս է անցնում լաբորատորիայի առօրյայն։ Ինչ մեթոդներով եք դասավանդում։

–Մեզ մոտ, իհարկե, կան ֆիքսված դասաժամեր, բայց մենք չենք աշխատում այդ  սկզբունքով։ Կարելի է ասել լաբորատորիան 24 ժամ բաց է։ Երեխաները գալիս են, երբ ուզում են ու հիմնականում, երբ 1 րոպե ժամանակ են ունենում իրենք ուզում են գալ։ Օրեր է լինում, որ առավոտյան 3–ին, 4–ին, 5–ին ենք տուն գնում։ Դա ստիպողաբար չէ, մենք էստեղ չեք պահում իրենց, նույնիսկ` հակառակը, մենք փորձում ենք այնպես անել, որ հանգստանան, բայց  չեն գնում հանգստանալու։ Այսինքն` այստեղ գաղտնիքը  աշխատասիրության, նպատակ դնելու ու այդ  նպատակի համար ամեն բանի պատրաստ լինելու ամեն բան անելու մեջ է։

Իրենց տպավորություներով, կարծիքներով ու ապագայի հետ կապված նպատակների ու երազանքների մասին ittrend.am–ին պատմեցին  ԱՄՆ–ը մեկնած    ֆաբլաբի երեք  սաները։

 

 

Հայկ Արաբյան, 17 տարեկան, 12–րդ դասարան

«Նախագծին մասնակցելուց էլ գիտեի որ ռոբոտիկայի թիմը մրցույթների է մասնակցում, ինձ այդ գաղափարը շատ հետաքրքրեց։ Ինժեներական գործընթացը  ինձ միշտ հետաքրքիր է եղել` անցյալ տարիներին էլ եմ մասնակցել։ Ու որոշեցի այս տարի էլ մասնակցել։ Մեր ռոբոտի մեխանիկան մենք էին նախագծել ու պատրաստի բան չենք օգտագործել։ Սեղանի շուրջ շատ քննարկումներ են եղել`ձևի աշխատանքի մասին։ Ապրիլին արդեն վերջացրել էինք աշխատանքը մնում էր ծրագրավորումը վերջացնել։ Հիմա  միայն պետք է մեջի ծրագիրը թարմացնել, որ ավելի արագ անցնի լաբիրինթը։ Ապագայի համար առաջին մի քանի տարին Հայաստանում կսովորեմ, հետո միջազգային համալսարան կդիմեմ, որ այնտեղի փորձին էլ ծանոթանամ։ Ամեն դեպքում հետ կգամ այստեղ աշխատելու։ 30–անց դառնալուց  հետո էլ բիզնեսով կզբաղվեմ»։

 

Սերգեյ Սուրենյան 16 տարեկան, 11–րդ դասարան

«Մրցույթին մասնակցում էին ԱՄՆ–ի բոլոր նահանգներից ու միայն Հայաստանից` մենք։ Ինձ համար գլխավոր խնդիրն այն էր, որ մենք առաջինը ներկայացնելու ենք Հայաստանը, հետո էլ` մեր ղեկավարի սպասելիքները պետք է արդարացնեինք, քանի որ մեծ խումբ ունենք ու հենց այս երեքին են ընտրել։ Մեշ պատասխանատվություն էր։ Այնտեղի աշակերտները ավելի շատ էին ներգրաված այս ոլորտում, իրենց մոտ տարբեր մրցույթներին և ինչու չէ` իրենց ցույց տան ինչ–որ տեղ, շատ ավելի մեծ էր, ինչը մեր երկրում չկա։ Կցանկանամ, որ այս ոլորտը մեզ մոտ զարգանա շատ։ Եթե շարունակեմ այս ոլորտում գործել ու միտք ունենամ ինչ–որ ռոբոտ սարքելու համար և դա օգտակար ու արդյունավետ կլինի, անպայման կանեմ դա ու եթե թիմ էլ պետք լինի, կհավաքեմ թիմը»։

Շանթ Սարգսյան 16 տարեկան, 11–րդ դասարան

«Ասեմ, որ մեր թիմը մեծ է շատ և ֆինանսական սուղ միջոցների պատճառով մենք երեքս գնացինք։ Երբ իմացա, որ ես եմ այդ երեքից մեկը, բնականաբար, ուրախությունը մեծ էր, բայց պատասխանատվության մեծ զգացում կար` ներկայացնում էինք Հայաստանը։ Մենք միակ միջազգային թիմն էինք այնտեղ։ Ռոբոտների ստեղծման ժամանակ շատ անքուն գիշերներ ենք ունեցել, հաճախ գիշերները անցկացրել ենք ֆաբլաբում։ Մասնագիտության ընտրության հարցում դեռ չեմ կողմնորոշվել            ` ուզում եմ այս ուղղությամբ գնալ, թե` ոչ, բայց ապագայի բոլոր ծրագրերը կապված են Հայաստանի հետ, չեմ պատրաստվում լքել երկիրս»։

 

Սյուզան Թոսունյան