Աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում նվազել է 139 մլրդ դոլարով.Bloomberg

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 մլրդ դոլար: Դա կապված է ֆոնդային բորսաներում ինդեքսների կտրուկ անկման հետ այն մտավախությունների ֆոնին, որ Covid-19 նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը բացասաբար կազդի համաշխարհային տնտեսության վրա, գրում է Bloomberg գործակալությունը:

Սա միլիարդատերերի՝ ամենամեծ անկումային վիճակն է 2016 թվականի հոկտեմբերից ի վեր, ինչ Bloomberg-ը սկսել է նման դիտարկումներ կատարել:

Ամենամեծ ֆինանսական կորուստն ունեցել են Louis Vuitton Moët Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոն եւ Amazon- ի ղեկավար Ջեֆ Բեզոսը ՝ 4,8 մլրդ դոլար : Ընդ որում, Բեզոսը դեռեւս գլխավորում է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշը: Բեռնար Առնոն զբաղեցնում է 3-րդ տեղը:

Իսպանական Zara առեւտրային ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան կորցրել է 4 մլրդ դոլար, Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը ՝ 3,48 մլրդ դոլար, Google-ի համահիմնադիր Լարի Փեյջը ՝ 2,7 մլրդ դոլար:

Երկուշաբթի օրը՝ 2020 թվականի փետրվարի 24-ին, ԱՄՆ- ի ֆոնդային շուկաները փակվել են ինդեքսների անկմամբ ՝ Dow Jones արդյունաբերական ինդեքսը կրճատվել է 3,56 տոկոսով, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսը նվազել է 3,35 տոկոսով:

Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի և Dow Jones & Company կազմակերպության հիմնադրի` Չարլզ Դոուի կողմից: Այս ցուցանիշը ստեղծվել է ամերիկյան ֆոնդային շուկաների բաղկացուցիչը հանդիսացող արդյունաբերական զարգացումը վերահսկելու համար:

S&P 500-ը ֆոնդային ցուցանիշ է, որի զամբյուղում ներառված են ամենաշատ կապիտալիզացիա ունեցող 500 ընտրված ամերիկյան բաժնետիրական կազմակերպություններ: