Աշխարհի ամենափոքր տեսախցիկն ավազահատիկի չափ է

OmniVision ընկերությունը ներկայացրել է OV6948 տեսախցիկը, որը ցուցամատի ծայրին հազիվ է նշմարվում: Այս մասին տեղեկացնում է Digital Camera World-ը:

OmniVision OV6948-ը 0,575×0,575×0,232 մմ չափսերի է: Սենսորն ի զորու է պատկեր ստանալ 40 000 փիքսելից՝ 1.75 միկրոն չափսով: Ոսպնյակի դիտանկյունը կազմում է 120 աստիճան :

Տեսախցիկը նախատեսված չէ պրոֆեսիոնալ նկարահանումների համար, այն առաջին հերթին պետք է օգնի բժիշկներին՝ հիվանդներին հետազոտելու և բարդ վիրահատություններ իրականացնելու համար: Այս նորույթը տեսանյութ է նկարում վայրկյանում 30 կադր հաճախականությամբ:

Առայժմ չի հստակեցվում, թե սարքը երբ կհայտնվի վաճառքում և ինչ կարժենա: