Արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ․ Տիգրան Ավինյան

Հայաստանում արդի ու դինամիկ ստարտափային մշակույթ է ձևավորվել, ինչի շնորհիվ արդեն շատերի կողմից մեր երկիրը հռչակվում է նոր Սիլիկոնային հովիտ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Հայաստանի ՏՏ ներուժին և հեռանկարին։

<<Այն հանգամանքը, որ մենք Երևանում կառավարության բարձր հովանու ներքո անցկացնում ենք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը` #WCIT2019,նշանակում է, որ մեր երկիրը լուրջ հայտ է ներկայացնում աշխարհի տեխնոլոգիապես զարգացած երկրների շարքում իր արժանի տեղը գրավելու համար: Տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաները մեր կողմից հռչակվել են որպես գերակայություն, և վերջին տարիներին ոլորտի միջին տարեկան աճը կազմում է մոտ 27-28 տոկոս>>,- մասնավորապես նշել է փոխվարչապետը:

Համաժողովը մի հարկի տակ է հավաքել 70 երկրից ավելի քան 2500 գլոբալ առաջնորդների, մտածողների, նորարարների, քաղաքական գործիչների, հետազոտողների, ինչպես նաև արվեստի ու շոու-բիզնեսի գերաստղերի:

Ըստ Տիգրան Ավինյանի, ստեղծագործական մոտեցման, լայն մտահորիզոնի և տեսլականի տեր մարդկանց նման մեծ քանակի համախմբումը մեկ տեղում հրաշալի առիթ կհանդիսանա խորքային քննարկումներ ունենալու համաշխարհային օրակարգի կարևորագույն հարցերի շուրջ և, ինչու ոչ, նոր նախաձեռնություններ առաջ քաշելու: