«ԱրմՀայԹեք 2020». Հայաստանում կանցկացվի սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը

Հայաստանում երրորդ անգամ  կանցկացվի «ԱրմՀայԹեք 2020» սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը, որը տեղի կունենա մարտի 26-28-ն ընկած ժամանակահատվածում և կներառի գործարար համաժողով, շնորհանդեսներ, բիզնես հանդիպումներ:

Ցուցահանդեսի շրջանակներում մեկ հարկի տակ կմիավորվեն 20 երկրի ռազմարդյունաբերական եւ պաշտպանական տեխնոլոգիաների արտադրությամբ զբաղվող 100-ից ավելի միջազգային ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ոլորտի ներկայացուցիչներ:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ պաշտպանության նախարարությունների կողմից համատեղ անցկացվող այս նախաձեռնության շրջանակում կստեղծվի հարթակ նոր համագործակցությունների, փորձի փոխանակման, արտադրանքի ներկայացման եւ նոր շուկաների բացման համար:

«ԱրմՀայԹեք 2020»-ի գլխավոր ուղղություններն են կառավարման համակարգերը, կապի եւ հաղորդակցության միջոցները, զորքերի ավտոմատ կառավարման համակարգերը, անօդաչու թռչող սարքերը եւ թռչող համակարգերը, լազերային տեխնոլոգիաները եւ արդի այլ թեմաներ: