Բիլլ Գեյթսը խոսել է չիպավորումից ու կորոնավիրուսի պատվաստանյութերից

Այս չորեքշաբթի Businessinsider պարբերականին տված հարցազրույցում մեզ բոլորիս հայտնի Բիլլ Գեյթսի նյարդերը տեղի տվեցին։ Նա խոսել է իրեն վերագրվող չիպավորման ու պատվաստումների վերաբերյալ դավադրությունների տեսություններից։

«Ես երբեք չեմ զբաղվել այնպիսի գործունեությամբ, ինչպիսին միկրոչիպերի արտադրությունն է։ Այդ հայտարարություններն անգամ հերքելն է բարդ, քանի որ դրանք միաժամանակ և՛ հիմարություն են, և՛ տարօրինակ»,- ասել է Բիլլ Գեյթսը։

Բիլլ Գեյթը վաղուց էր խոսում հնարավոր պանդեմիաներից ու կոչ էր անում համաշխարհային լիդերներին, այդ թվում՝ Դոնալդ Թրամփին, միջոցներ ձեռնարկել, որպեսզի մարդիկ պատրաստ լինեն իրադարձությունների նման զարգացմանը։

Սակայն համացանցը պայթեցրեցին ոչ թե Բիլլ Գեյթսի կանխատեսումները, որոնք հիմնված էին բազմաթիվ հետազոտությունների վրա, այլ նրան վերագրվող դավադրությունների տեսությունները, կապված կորոնավիրուսի հետ։ Zignal Labs-ի տվյալներով միայն հեռուստատեսությունում այս տեսակետները հիշատակվել են ընդհանուր 1․2 միլիոն անգամ։ Ի դեպ, խոսքը միայն միջազգային լեզուներով հեռարձակվող հեռուստաընկերությունների մասին է։

Yahoo News-ի ու YouGov-ի՝ մայիսի վերջին անցկացրած հարցումների համաձայն, ամերիկացիների 28%-ը հայտարարել է, որ հավատում են դավադրությունների տեսություններին։ Գեյթսն իր անհանգստությունն է հայտնել այս առումով, քանի որ, ըստ նրա, խմբակային իմունիտետի ձևավորման համար հարկավոր է պատվաստել մոլորակի բնակչության գոնե 80%-ին։ Եթե մարդիկ շարունակեն հավատալ, որ սա խաբեություն է, ու չպատվաստվեն, կորոնավիրուսը կշարունակի կյանքեր խլել։

«Աշխարհի պետությունները պետք է համախմբված աշխատեն, որպեսզի հնարավոր լինի արդյունավետ ու անվտանգ պատվաստանյութեր։ Պետք է անել ամեն ինչ, որպեսզի ընդլայնենք դրանց արտադրությունն ու կարողանանք դա հասցնել նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը, ոչ թե նրանց, ովքեր կարող են ավելի շատ վճարել»,- ասել է Բիլլ Գեյթսը։