Դիլիջանում մեկնարկել է <<ՆերՈՒԺ>> ստարտափ ծրագիրը

Դիլիջանի UWC միջազգային դպրոցում մեկնարկել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը: Արդեն երկրորդ անգամ իրականացվող ծրագրին մասնակցում է աշխարհի 17 երկրից ընտրված 47 տեխնոլոգիական սթարթափ՝ թվով 80 մասնակից:

Ծրագրի հիմնական նպատակն է՝ Սփյուռքից տաղանդավոր ձեռներեցների, ինժեներների ներգրավումը, հայրենադարձության խթանումը, ինչպես նաև Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացումը: Ծրագիրը հնարավորություն է ստեղծելու արտերկրում ապրող հայերի տեխնոլոգիական գաղափարները և նախագծերը Հայաստանում բիզնեսի վերածելու և գլոբալ շուկաներ դուրս գալու համար:

<< Երկու կարևոր բաղադրիչ ունի այս ծրագիրը. դրանք են` տնտեսության զարգացումը ստարտափների միջոցով և հայրենադարձությունը: Այսօր մենք ականատես ենք լինում հայրենադարձության մի տարատեսակի: Փաստորեն, մարդիկ, ովքեր իրենց ստարտափ ծրագիրը կարող են իրականացնել աշխարհի ցանկացած երկրում, նախընտրում են դա անել Հայաստանում: Սա արդեն մեծ հաղթանակ է մեզ համար>>,- իր ելույթի խոսքում նշել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Ծրագրի մրցանակային ֆոնդը կազմում է 80 մլն դրամ, որից սթարթափներին կտրամադրեն 15-30 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամաշնորհներ: Մրցանակ ստացող սթարթափներից պահանջվում է գրանցել իրենց սթարթափը Հայաստանում:

«ՆերՈՒԺ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագիրը կամփոփվի դեկտեմբերի 20-ին: