Դրեյփերի համալսարանը բացում է դռները Հայաստանի ՏՏ մասնագետների առջև

Հայաստանի կառավարությունն առաջին անգամ պետական կրթաթոշակ կտրամադրի հայ երիտասարդներին՝ Սիլիկոնյան հովտում ուսանելու համար: Կրթական բացառիկ ծրագիրը նախաձեռնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (ԲՏԱՆ), որը և հոգալու է ընտրված հայ ձեռներեցների ուսման հետ կապված բոլոր ծախսերը։ 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, 7 շաբաթ տևողությամբ  ձեռներեցության և բիզնես դասընթացները տեղի են ունենալու Դրեյփերի համալսարանում: 

Համաշխարհային համբավ ունեցող ձեռնարկատեր-դասախոսներ Իլոն Մասկից (Tesla, Inc.) մինչև Թիմ Վեսթերգրեն (Pandora Media Inc.), AirBnB-ի առաջնորդներից մինչև YouTube-ի հիմնադիրներ՝ հենց նրանք են կրտսեր գործընկերներին ներկայացնելու գաղափարից արտադրանք տանող ամենաարդյունավետ ճանապարհը՝ կիսվելով իրենց փորձով ու հաջողության բանաձևով։

«ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաներին միավորած կրթական հարթակն արդեն բաց է ընդունելության համար․ հայտերն ընդունվում են մինչև հունվարի 27-ը։

Դիմել կարող են 21 տարին լրացած այն անձինք, որոնք ունեն ձեռնարկատիրական փորձ, ՏՏ ոլորտը «բեկող» գաղափար,  որը ցանկանում են իրագործել Հայաստանում, բացարձակ տիրապետում են անգլերեն լեզվին և պատրաստ են դասընթացներից հետո՝ երկու տարվա ընթացքում, իրենց գիտելիքով կիսվել մարզերի ուսանողների և ապագա ձեռնարկատերերի հետ։ Դիմելու  համար պետք է անցնել հետևյալ հղումով՝ https://www.draperuniversity.com/apply: Լավագույններին ընտրելու են Դրեյփերի համալսարանի և ԲՏԱՆ կողմից լիազորված հատուկ հանձնաժողովի անդամները: 

Նախադեպը չունեցող կրթական ծրագիրը, փաստորեն, հաջորդում է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Սիլիկոնյան հովիտ կատարած այցին, որին մասնակցում էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը։ Համաշխարհային ՏՏ հովանոցի ներքո գործող Դրեյփերի համալսարանի հիմնադիր, «Draper & Associates» վենչուրային ընկերության ղեկավար Թիմ Դրեյփերի հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունը հենց այս ծրագրի ամենամեծ երաշխավորն էր։