Եղի՛ր ակտուալ․․․․վերապատրաստվի՛ր

Նորագույն տեխնոլոգիաներն արդեն շնչում են այնպիսի հիմնարար մասնագիտությունների թիկունքին, ինչպիսին օրինակ բժշկությունն է։ Թվում է, թե ռոբոտը կամ ծրագրային ապահովումը երբեք չի կարող փոխարինել կենդանի բժշկին։ Սակայն գիտանականները հակառակն ապացուցեցին։ Շատ ոլորտներում ռոբոտ բժիշկներն իրենց ցուցադրած արդյունավետությամբ մի քանի անգամ գերազանցում են մարդկանց։

Վտանգի տակ են հիմնականում թերապևտիկ ու ախտորոշող ուղղությունները: Սա ապացուցելու համար Չինաստանում մի գիտափորձ անցկացրին: Նրանք լուսանկարներ էին ցույց տալիս իրական բժիշկներին և արհեստական բանականությանը: Պետք է արտաքին տվյալներով որոշվեր՝ լուսանկարում պատկերվածը քաղցկեղ ունի, թե ոչ: Բժիշկների մոտ ստացվեց 66 տոկոս ճշգրտություն, իսկ արհեստական բանականությունն ախտորոշեց 87 տոկոս ճշգրտությամբ: Բանն այն է, որ մարդն իր տեսողական հիշողությամբ չի կարող ամբողջությամբ մտապահել բոլոր վիզուալ ախտանշանները, դրան էլ գումարած՝ մարդը կարող է հոգնած լինել կամ պարզապես շփոթել մի ախտանշանը մյուսի հետ։ Արհեստական բանականության պարագայում այս սուբյեկտիվ պատճառները պարզապես չեն աշխատում։ Դրանք չկան։ Արհեստական բանականությունն աշխատում է բացառապես իր մեջ ններդրված տվյալներով և դրանցից դուրս որևէ արդյունք տալ չի կարող։  

Թվային ալգորիթմներով հագեցված ռոբոտներն ունակ են փոքր վիրահատություններ կատարել: 2017 թվականին Չինաստանում ռոբոտ-ատամնաբույժն առաջին անգամ մարդու ատամ բուժեց, իսկ 2018-ին Բելառուսում առաջին անգամ ռոբոտը մարդ վիրահատեց: Նրանց հիմնական առավելությունը կատարյալ ճշգրտությունն է: Նրանց ձեռքը երբեք չի դողա: Համար մեկ մինուսը, որի պատճառով էլ դեռ ռոբոտներին չեն վստահում վիրահատությունների մեծ մասը, այն է, որ ռոբոտը հնարավոր բարդացումների դեպքում չի կարող իմպրովիզ անել, քանի որ աշխատում է հստակ ներդրված ծրագրով ու տվյալներով: