ԵՂԻ՛Ր ԱԿՏՈՒԱԼ… ՄԻ՛ ԴԱՐՁԻՐ ԼՐԱԳՐՈՂ

«Մենք բոլորս մեռնելու ենք»-ի ալիքը կանցնի, ու նորից բոլորով կմնանք` թվում է թե հավերժական հարցը կոկորդներիս մնացած: Որտե՞ղ պիտի ընդունվի երեխան: Ընդ որում, խուճապը ծնողների գլխում է. շրջանավարտները կամ արդեն կողմնորոշվել են՝ թքած ունենալով բոլոր կլիշեների վրա, կամ էլ՝ անվերապահորեն վստահում են ամենագետ ծնողներին: Ու սուրճի մրուրի մեջ հերթական գուշակությունից հետո ծնողի ամենատես աչքը կորոշի՝ որտե՞ղ պետք է սովորի երեխան: Որտե՞ղ է ավելի հարգի, ո՞ր ուսումնական հաստատությունում կամ ո՞ր ոլորտում ծանոթ ունեն: Ու թքած, թե երեխան ինչ ունակություններ ունի, աշխատաշուկայում ի՞նչ մասնագետների պահանջարկ կա: Ու բոլորս գնում ենք դառնալու հաշվապահ, իրավաբան, բանկի աշխատող կամ էլ՝ բժիշկ:

Ու արդեն քանի տարի է` գրեթե բոլոր հարթակներով աշխատաշուկան գոռում է` մասնագետ չունենք, լիքը գործ կա, բայց մեր հայտնի սելը հա ճռռում է ու ճռռում:

Շուտով ընդունելության քննություններն են, ու մերոնք դրան պատրաստվում են մեկ տարի առաջ: Այս շարքով մենք կթվարկենք, թե որ մասնագիտությունները չարժե ընտրել ապագայի համար, քանի որ 5-10 տարի հետո դրանք պարզապես գոյություն չեն ունենալու: Այդպիսի մասնագիտությունների թիվը չափազանց շատ է, այդ պատճառով ցանկում տեղ կգտնեն միայն հայաստանյան բուհ-երում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունները:

Սկսենք մեզնից՝ լրագրողներ

Դեռ 2007 թվականից ԱՄՆ-ի տարբեր վերլուծական հետազոտական կազմակերպություններ լրագրությունը դասեցին վերացող մասնագիտությունների շարքին: Այդ ժամանակ արհեստական բանականություն կոչվածն ու նեյրոցանցերը դեռ շատ սաղմնային վիճակում էին, ու այդ հայտարարությանը հենց ոլորտի գուրուները թերահավատորեն մոտեցան: Անցավ 10 տարի: Ռիոյի Օլիմպիական խաղերի ժամանակ հայտնվեց Հելիոգրաֆը: Այն ամենասովորական նեյրոցանց է, որը ներդրեց ոչ ավելի ոչ պակաս՝ «Washington Post»-ը: Այն մեկ օրվա մեջ գեներացնում էր ավելի քան երեք հարյուր կարճ հաղորդագրություններ, որոնք տեղեկացնում էին խաղերի արդյունքների մասին: Հետագայում այդ նույն Հելիոգրաֆը  նույն կարճ հաղորդագրություններով տեղեկացնում էր ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների մասին: «Bloomberg» պարբերականի կոնտենտի 30 տոկոսն արդեն արհեստական բանականությունն է գեներացնում:

Ալգորիթմը գրելը տվյալ հաստատության համար կարող է մի քանի տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ, սակայն հետագա սպասարկումը գրեթե անվճար է, ու ճիշտ մոտեցման դեպքում այն նույն արդյունավետությամբ կարող է հավերժ ծառայել: Արհեստական բանականությանը կամ դրանով հագեցած ռոբոտին պետք չէ աշխատավարձ վճարել, այն արձակուրդ չի գնա, չի քնի, աշխատանքից չի ուշանա, չի բացակայի, չի ամուսնանա, չի հղիանա ու չի ունենա սուբյեկտիվ մոտեցում: Այն պարզապես կաշխատի ու վերջ:

Սակայն լրագրողների թիվ մեկ թշնամին ոչ թե նոր տեխնոլոգիաներն են, այլ սոցցանցերը: Նախկինում լրագրողը համարվում էր պաշտոնյայի ու հասարակության միջնորդը: Այսօր այդ դերը գրեթե վերացել է: Հասարակությանն ինչ-որ բան ասելու համար պաշտոնյան կարիք չունի մամուլի ասուլիս հրավիրել: Նա պարզապես կարող է ֆեյսբուքյան լայվի կամ կարճ գրառման միջոցով տեղեկացնել ինչ-որ բանի մասին: Հասարակական լուրերն էլ արդեն տարածվում են հասարակ մարդկանց գրառումներով: Ավելին՝ լրագրողները դարձել են այդ գրառումները տարածող, այլ ոչ թե լուրն առաջինը մատուցող:

Եթե ուզում եք շարունակել զբաղվել լրագրությամբ, ուրեմն շտապ թարմացման կարիք ունեք: «Այսինչն ասաց…» տեսակի լրագրությունն այլևս ակտուալ չէ, նոր տեխնոլոգիաների դարաշրջանում լրագրողները պետք է լինեն կոնկրետ որևէ մասնագիտության կրող ու հանդես գան փորձագետի ու վերլուծաբանի դիրքերից: Նոր տեխնոլոգիաներն, իհարկե, ունակ չեն խորը վերլուծություններ անել ու ստեղծագործել: Այնպես որ, շատ շուտով լրագրողների շրջանում անձնակազմը զգալիորեն կկրճատվի: Կամ նոր մասնագիտություն յուրացրեք, կամ կատարելագործվեք: Երրորդ ուղի չկա: