Երկրի օզոնային շերտը սկսել է վերականգնվել

Երկիրը տիեզերքի ճառագայթումից ու վտանգավոր ազդեցությունից պաշտպանող օզոնային շերտը վերջապես սկսել է վերականգնվել, ինչի մասին ասվում է Միացյալ ազգերի կազմակերպության զեկույցում:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, Երկրի օզոնային շերտը սկսել է բարակել 1970-ական թվականներից ի վեր, ինչը պայմանավորված էր արդյունաբերական զարգացման հետևանքով թունավոր արտանետումների ծավալների ավելացմամբ:

Սակայն այժմ, երբ նկատվում է հակառակ գործընթացը, ակնկալվում է, որ 2030-ական թվականների դրությամբ օզոնային շերտի՝ Հյուսիսային կիսագնդի վերևում գտնվող հատվածն ամբողջովին վերականգնված կլինի, մինչդեռ Անտարկտիկայի վերևում եղած օզոնային ճեղքը 2060-ականներին արդեն ամբողջովին փակված կլինի:

«Սա իսկապես շատ լավ նորություն է»,-նշել է զեկույցի համահեղինակ, ՆԱՍԱ-ի հետ համագործակցող գիտնական Փոլ Նյումանը՝ մանրամասնելով, որ այս տարի Հարավային բևեռի վերևում եղած օզոնային ճեղքի մակերեսը (24.8 մլն ք/կմ) 16%-ով փոքր է եղել 2006թ. արձանագրված ցուցանիշից:

Նյումանն ընդգծել է, որ ժամանակին համապատասխան քայլեր չձեռնարկելու դեպքում Երկրի օզոնային շերտի  2/3-րդ մասը 2065թ. դրությամբ ոչնչացված կլիներ: