Ինչու՞ iPadOS-ում հաշվիչ չկա․ պատասխանում է ընկերության փոխնախագահը

Apple-ի՝ ծրագրային ապահովման գծով ավագ փոխտնօրեն Քրեյգ Ֆեդերին տեխնոբլոգեր Մարկես Բրաունլիին տված հարցազրույցի ժամանակ մի քանի հետաքրքիր նյուանս է բացահայտել, օրինակ, թե ինչու iPadOS-ում հաշվիչ կամ եղանակը կանխորոշող հավելված չկա։

«Գիտե՞ք, կան բաներ, որոնք մենք չենք անում, քանի որ ուզում ենք դրա փոխարեն ավելի, իսկապես տպավորրիչ մի բան ստեղծել։ Ես կարծում եմ, որ բոլորի համար էլ պարզ է, որ շատ հեշտ է ստեղծել սովորական հաշվիչ, բայց ոչ այնպիսին, որ բոլորն ասեն Wow: Դա iPad-ի համար նախատեսված հզորագույն հաշվիչն է, որը մենք ցանկանում ենք թողարկել այն ժամանակ, երբ այն իսկապես շատ-շատ լավը կլինի։ Անկեղծ ասած, մենք դեռ չենք կարողացել իսկապես ինչ-որ զիլ բան անել, այնպես որ ժամանակ դեռ կա։ Ինչ վերաբերվում է եղանակին։ Բավականին հեշտ է ընդամենը չափերով մեծացնել մեր, արդեն գոյություն ունեցող հավելվածը, բայց մենք ուզում ենք iPad-ի համար իսկապես լավ հավելված ստեղծել։ Գուցե որոշները մեզնից առաջ ընկնեն։ App Store-ում արդեն մի քանի բավականին հաջողված օրինակ կա»,- ասել է խնձորային կայսրության փոխնախագահը։