Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղի եւ IE միջազգային բիզնես դպրոցի նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 14-ին Երեւանում կայացավ Tech&Bsuiness Talks միջոցառումը, որի թեման էր՝ «Ինչպես գտնել երազանքի աշխատանքը տեխնոլոգիաների ոլորտում»: Միջոցառմանը մասնակցում էին բացառապես կին խոսնակներ, մասնավորապես՝ SoloLearn հայկական ստարտափի համահիմնադիր եւ ղեկավար Եվա Հյուսյանը, Microsoft ընկերության տարածաշրջանային ղեկավար Ասյա Դալլաքյանը, Dell ընկերության տարածաշրջանային ղեկավար Իրինա Վոլկը եւ IE բիզնես դպրոցի պրոֆեսոր Քրիստինա Ստատոպուլոսը, վերջիններս նաեւ IE բիզնես դպրոցի շրջանավարտներ են:

Նախ Քրիստինա Ստատոպուլոսը, ով նաեւ Google ընկերության Մադրիդի գրասենյակի աշխատակից է, ներկայացրեց տեխնոլոգիաների ոլորտում կանանց տեղի եւ դերի հետ կապված խնդիրները, որ առկա են աշխարհի գրեթե բոլոր հատվածներում: Ապա անդրադարձավ երազանքի աշխատանք գտնելու իր տեսլականին, որի ճանապարհը նա տեսնում է հետեւյալում՝ շարունակական կրթություն, ռիսկերից չխուսափելու հմտություն, ցանցային համագործակցություն,

անձնական մարտահրավերներ եւ այլն: Քրիստինան կիսեց Google-ում իր աշխատանքի ընթացքում ձեռք բերած փորձն ու IE բիզնես դպրոցի դերը կանանց հզորացման ուղղությամբ:

Իրինա Վոլկը պատեց, որ սարսափելի դժվար չէ հայտնվել շատ մեզ կազմակերպություններում, ինչպիսիք են Microsoft-ը կամ Dell-ը, թեեւ ոլորտում դեռ առկա են ենթագիտակցական կողմնակալություններ կանանց նկատմամբ:

«Մի զբաղվեք բիզնեսով, եթե իսկապես չեք սիրում ձեր սկսածը», – վստահ է Եվա Հյուսյանը, քանի որ, ըստ նրա, ադրենալինի քանակը շատ մեծ է, իսկ եթե միջազգային մի բան ես անում, ապա ուղղակի խենթություն է, պետք է իսկապես սիրես դա: «Մի փոքր ավելի լավը եղեք ձեր գործում, քան տղամարդիկ, եւ բոլոր դռները կբացվեն ձեր առջեւ», – մասնակիցներին խորհուրդ տվեց Հյուսյանը:

Ասյա Դալլաքյանն էլ իր փորձից խորհուրդ տվեց չվախենալ սեղանի շուրջ նստել տղամարդկանց հետ ինչպես հավասարը հավասարի, քանի որ հաճախ կանայաք շատ ավելին են կարողանում:

Միջոցառման քննարկումները ներառեցին հարցեր նաեւ կանանց ինքնավստահության պակասի, ինչպես նաեւ մենթորներ եւ հատկապես տղամարդ մենթորներ ունենալու առավելությունների շուրջ:  

Girls in Tech-ի հայաստանյան մասնաճյուղը եւ IE միջազգային բիզնես դպրոցը նախատեսում են միջոցառումների այս շարքը շարունակական դարձնել: