Իտալական հանրահայտ լրատվական գործակալությունն անդրադարձել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին

Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին է անդրադարձել Յակոպո Ֆրենկուելուչին, որը իտալական «Agenzia DIRE»-ի համար պատրաստված հոդվածում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական ձեռքբերումները: Մասնավորապես նա նշել է, թե Հայաստանը «Արմաթ»-ից մինչև «Թումո» և « ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոն» ներդրումներ է կատարել բարձր տեխնոլոգիաների ոլորտում և հաջողություններ արձանագրել:

«Մոտ 30 000քմ տարածք զբաղեցնող և 3 մլն բնակչություն ունեցող այս երկրին հաջողվել է կերտել իր ապագան»,- նշել է Ֆրենկուելուչին: Նրա խոսքով, Հայաստանն այդպիսով վերադառնում է իր նախկին արմատներին՝ որպես գիտական ներուժ ունեցող երկիր, նախկին Սովետական Միության տեխնոլոգիական կենտրոն և ներկայում՝ Հարավային Կովկասի Սիլիկոնային հովիտ, որը պատրաստվում է հյուրընկալել 23-րդ « WCIT 2019» ՏՏ համաշխարհային համաժողովը: