Global IT Award մրցանակի դափնեկիրը կժամանի Հայաստան

Global IT Award մրցանակն այս տարի կշնորհվի ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին: Այդ նպատակով ճապոնացի գիտնականը դեկտեմբերի 3-ին կժամանի Հայաստան: Այս մասին տեղեկացրել է «Synopsys Armenia» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը, որը համակարգում է մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները:

Դեկտեմբերի 4-ին գիտնականը կմասնակցի ֆորումին, որի մասին կհայտարարվի ավելի ուշ: « Բացի այդ, Կանադեին Պոլիտեխնիկական համալսարանում պատվավոր դոկտորի կոչում կշնորհվի, նախատեսվում է հանդիպում «Synopsys Armenia» ընկերությունում ուսանողների և IT մասնագետների հետ: Պաշտոնական ընթրիքի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գիտնականին կհանձնի մրցանակը»,- նշել է նա:

Տակեո Կանադեն Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր է, «Origami World» տեսության հեղինակը (1981 թվականին տեսություն է ստեղծել այն մասին, թե ինչպես մեկ նկարից վերականգնել եռաչափ ձևը): Նրան է պատկանում նաև «Վիրտուալ իրականություն» հասկացությունը:

Global IT Award մրցանակը հանձնվում է արդեն 10-րդ տարին, և յուրաքանչյուր տարի այն շնորհվում է համաշխարհային ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատի: