Ծառայողական էլեկտրամոբիլներ՝ ՀՀ կառավարության համար

ՀՀ կառավարությունն անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործմանն արդեն մոտ ապագայում: Այս մասին հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ ծրագիրն իրականացվելու է բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ, որը տրամադրելու է Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը:

Նրա խոսքով՝ կառավարության անդամների համար նախատեսված էլեկտրական շարժիչով ծառայողական մեքենաների ծրագիրը հաստատված է, գումարը՝ նույնպես, ուղղակի ընթացակարգային առումով այն մի քիչ ուշ է իրագործվելու:

«Ընդհանուր առմամբ ծրագիրը կազմում է մոտ 700 հազար դոլար, և դրա մի մասով կգնվեն մեքենաները, իսկ մյուս մասով՝ կարվեն օրենսդրական վերլուծություններ»,- նշել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը:

Հայաստանը Գլոբալ էկոլոգիական հիմնադրամ էր ուղակել ծրագիր, որով նախատեսվում է, որ կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ անցում կկատարի էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների օգտագործման: