«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթը տոնեց իր 10-ամյակը Հայաստանում

Հոկտեմբերի 28-ին «Այբ» կրթական հիմնադրամը Շառլ Ազնավուրի անվան հրապարակում անցկացրեց բաց, փոխգործուն միջոցառում՝ նվիրված «Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի՝ Հայաստանում անցկացման տասնամյակին։

«Կենգուրուն», ինչպես «Այբ» կրթական հիմնադրամի բոլոր նախաձեռնությունները, միտված է մեկ բանի՝  կրթությունը երեխաների համար սիրելի և հետաքրքիր դարձնելուն։ Մենք հավատացած ենք, որ հաջողության ճանապարհը կրթությունն է»,- իր ողջույնի խոսքում նշեց «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանը՝ ավելացնելով, որ տասը տարի առաջ, երբ նախաձեռնում էին այս մրցույթը, չէին կարող պատկերացնել, որ այն կարող է վերածվել այսպիսի մեծ շարժման՝ միավորելով բազմահազար երեխաների, նրանց  ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ուսուցիչներին և դպրոցները։

Հայաստանում իր տասնամյա գործունեության շնորհիվ «Կենգուրուն» ոչ միայն վերածվել է յուրօրինակ մանկական կրթական շարժման, այլև սահմանել  դպրոցական մրցույթների անցկացման նոր չափանիշներ՝ իր նպաստը բերելով հայաստանյան կրթական համակարգի ընդհանուր զարգացմանը և երեխաների շրջանում սեր արթնացնելով մաթեմատիկայի հանդեպ: Տարեկան շուրջ 40.000 երեխայի մասնակցություն ունեցող այս մրցույթն այսօր ամենազանգվածային դպրոցական մրցույթն է Հայաստանում և Արցախում։

 

«Այս տասը տարիների ընթացքում մրցույթին մասնակցել է ՀՀ և Արցախի 395.484 աշակերտ, ինչը փաստում է, որ այս մրցույթը ոչ միայն կայացել է մեր երկրում, այլև շարունակում է մնալ դպրոցականների մշտական ուշադրության կենտրոնում»,— միջոցառման ընթացքում նշեց «Այբ» կրթական հիմնադրամի մրցույթների բաժնի ղեկավար Շուշան Կարապետյանը՝ վստահություն հայտնելով, որ հաջորդ տասնամյակում ևս «Կենգուրուն» կշարունակի իր հաղթարշավը։

Երեք ժամ տևած միջոցառման ընթացքում հյուրերը ներգրավվեցին փոխգործուն խաղերում ու հետաքրքիր հարցախաղերում, մասնակցեցին պարի վարպետության դասերի, ինչպես նաև վայելեցին «Այբար» պարի խմբի և երգչուհի Մաշա Մնջոյանի ելույթները։

 

Միջոցառումը կազմակերպվել էր «Նոյյան տապան» գրախանութի, «Մեգա Թոյս» խաղալիքների սրահի և «Սիթիզեն» մասնագիտությունների քաղաքի աջակցությամբ։

 

«Կենգուրու» մաթեմատիկական մրցույթի մասին

«Կենգուրուն» աշխարհում ամենազանգվածային և ամենասիրված դպրոցական մրցույթն է և 1991 թ.-ից անցկացվում է ամեն տարի նույն օրը 80-ից ավելի երկրներում:

Հայաստանում մրցույթն անցկացվում է 2009 թվականից՝ ներգրավելով մասնակցել ցանկացող 3-12-րդ դասարանների բոլոր աշակերտներին` անկախ մաթեմատիկական ունակություններից կամ առաջադիմությունից:

Հայաստանում և Արցախում «Կենգուրուի» պաշտոնական կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը։

«Կենգուրուն» անցկացվում է Հայաստանում՝ ՀՀ կրթության և գիտության, Արցախում՝ ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունների հովանու ներքո:

Հայաստանում մրցույթի կազմակերպման գործընկերն է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն:

Մրցույթի տեղեկատվական գործընկերներն են «Մեդիամաքս» լրատվական գործակալությունը և «Կրթություն» շաբաթաթերթը: