«ԱրմենՏել»-ը կկատարելագործի ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «ԱրմենՏել» ընկերության ցանցում 2012թ. մայիս-օգոստոսին տեղի ունեցած շարժական կապի խափանումների վերաբերյալ իր պաշտոնական հարցմանն ի պատասխան` ընկերության ներկայացրած տեղեկատվությունը, ըստ որի տեխնիկական խափանումներն ընկերության կապալառուի տեղադրած ծրագրային ապահովման անկատարության հետևանք էին: Այս մասին հայտնում են ՀԾԿՀ մամուլի ծառայությունից:

Հանձնաժողովի հանձնարարականով և մեթոդական աջակցությամբ ներկայումս «ԱրմենՏելը» կատարելագործում է ցանցում խափանումները կանխարգելելու իր քաղաքականությունն ու ընթացակարգերը, և վստահեցնում, որ ձեռնարկված միջոցներն ու իր կապալառուների նկատմամբ առավել խիստ մոտեցումները կբացառեն հետագայում նման խափանումները:

«ԱրմենՏելը» հայտնել է ՀԾԿՀ-ին, որ ծրագրային ապահովման խափանման պատճառով խախտվել էր կառավարման համակարգերի կայուն աշխատանքը: Այդ ընթացքում ցանցի աճող ծանրաբեռնվածությունը հանգեցրել էր նրան, որ պահուստային համակարգերով ցանցի վերականգնումը հնարավոր էր իրականացնել միայն գիշերային ժամերին, երբ ցանցի ծանրաբեռնվածությունը նվազագույնն է:

Ըստ հանձնաժողովի, ընկերությունը կարճ ժամկետում ձեռնարկել է անհրաժեշտ բոլոր քայլերը համապատասխան ծրագրային մոդուլը փոխարինելու համար, ինչպես նաև պատճառած անհարմարությունների համար փոխհատուցել է տուժած բաժանորդներին: