«ԱրմենՏել»-ը շարունակում է բարձրացնել համակարգչային և տեխնիկական գրագիտոթյունը Հայաստանի տարբեր մարզերում

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) շարունակում է համագործակցել «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ Վանաձորի տարածաշրջանային համակարգչային կենտրոնին աջակցելու նպատակով:

Դեռևս 2009 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակում զգալիորեն ընդլայնվել է կենտրոնի գործնեությունը: Մասնավորապես, ծրագրավորման հիմունքների դասընթացներին զուգահեռ, 2013 թվականի հունվարից մեկնարկել է նաև «Պատանի տեխնիկ» նախագիծը: Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել բոլոր ցանկացողներին ստանալ գործնական հմտություններ թվային տեխնոլոգիաների հետ աշխատելիս:

«Պատանի տեխնիկ» խմբակը վարում է բարձրակարգ մասնագետ, «Հայստանի Ինտերնետ Հասարակություն» ՀԿ-ի  (ISOC.AM) անդամ Վահան Միսակյանը, իսկ  նախագծի ղեկավարն է մի շարք զարգացման ծրագրերի հեղինակ Մարգարիտա Սոլոմոնյանը, ով նույնպես հանդիսանում է ISOC.AM անդամ:

«Բարձրորակ կրթություն ստանալը առանց համակարգչային հմտությունների ժամանակակից աշխարհում գրեթե անհնար է: Թվային տեխնոլոգիաները դարձել են մեր կյանքի անաբաժանելի մասը. անհրաժեշտ պայման ուսուման գործընթացում, աշխատանքում և շփման մեջ: «ԱրմենՏել» ընկերությունը շարունակում է զբաղեցնել առաջատար դիրքեր Ինտերնետ ծառայությունների շուկայում, և որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր` մենք ձգտում ենք ժամանակակից տեխնոլոգիաները դարձնել հասանելի ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև մարզերի բնակիչների համար, անկախ նրանց բնակության վայրից», – ասաց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«ԱրմենՏել»-ի բազմամյա աջակցությունը հանդիսանում է բաձր գնահատական և երաշխիք երկարաժամկետ, իրական և  տրամաբանորեն հիմնավորված նախագծերի, որոնց նպատակն է օգնել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց ձեռք բերել մասնագիտական հմտություններ և ամենակարևորը կիրառել դրանք Վանաձորում գործող ձեռնարկություններում»,- նշեց «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Ռազմիկ Սոլոմոնյանը:

Նշենք, որ «Գործարարության զարգացման և օժանդակության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1995 թ. և տարիներ շարունակ ինտերնետ տեխնելոգիաների կիրառմամբ կազմակերպում է սեմինարներ և դասընթացներ` ստեղծելով  բարենպաստ միջավայր անհրաժեշտ և շուկայական պայմաններում պահանջված կրթություն ստանալու համար: Այս տարիների ընթացքում պատրաստվել են մի շարք տեխնիկական մասնագետներ, ովքեր ՏՏ ոլորտում կառուցել են արժանավոր կարիերա և մասնակցել են ԱՄՆ և Հնդկաստանի հետ փորձի փոխանակման ծրագրերին: