«ԱրմենՏել»-ը տուգանվել է 30 միլիոն դրամի

Այսօր՝  հոկտեմբերի 19-ին, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ) նիստում քննել է «Ալիաս» ընկերությունը դիմում-բողոքն ընդդեմ «ԱրմենՏել»-ի: ՏՄՊՊՀ-ի որոշմամբ,  ընկերությունը տուգանվել է 30 մլն դրամի: Վերջինս, առանց տեղեկացնելու սպառողին, ինտերնետ ծառայություններից օգտվելու համար կիրառել է տարբերակված սակագին: Այս մասին տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամլո ծառայությունից:

«Ալիաս» ընկերությունը դիմում-բողոք էր ներկայացրել հանձնաժողով՝ տեղեկացնելով, որ իրենց ընկերության աշխատակիցները օգտվել են «ԱրմենՏելի» «Էքսկլյուզիվ բիզնես»  սակագնային փաթեթից: Ըստ «ԱրմենՏելի» կայքում տեղադրված տեղեկատվության, այս սակագնային փաթեթով ինտերնետի 1ՄԲ-ի արժեքը 49 դրամ է:

«Ալիաս» ընկերության աշխատակիցները օգտվել են այս սակագնային փաթեթից՝ վստահ լինելով, որ սակագինը կազմելու է 49 դրամ: Սակայն որոշ ժամանակ հետո պարզվել է, որ իրենցից գանձվել է  մեկ ՄԲ-ի համար ոչ թե 49 դրամ, այլ 90 դրամ: Ըստ «ԱրմենՏելի» բացատրությունների, սպառողները վճարել են ավելի բարձր սակագին, քանի որ նրանց նկատմամբ կիրառվել է «Ինտերնետ բոլորի համար» սակագնային փաթեթը, որի 1ՄԲ-ը արժե 90դրամ, իսկ «Էքսլյուզիվ բիզնես» փաթեթի համար այդ սակագինը չի կիրառվել, քանի որ դրա համար սպառողները պետք է հատուկ կարգավորումներ իրականացնեն:

Հանձնաժողովի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ «ԱրմենՏելը»  մոլորեցրել է սպառողներին, քանի որ նրանց չի տեղեկացրել երկու սակագնային փաթեթների տարբերության մասին: Ըստ Հանձնաժողովի, «ԱրմենՏելի» վարքագիծը անբարեխիղճ մրցակցության դրսևորում է, ինչի համար որոշվեց ընկերության հանդեպ կիրառել տուգանք՝ 30 մլն դրամի չափով: