«Բարքեմփ Գյումրի 2013»-ն ունեցավ 250 մասնակից

Գյումրիում ավարտվեց ամենամյա դարձած «ցանցառների չկոնֆերանսը»: Երկօրյա միջոցառման ժամանակ մասնակիցները հանդես եկան տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող տարբեր ներկայացումներով: Բացի ավանդական ներկայացումներից, (չ)կոնֆերանսին զրուցեցին մշակույթի և ՏՏ ոլորտի առնչության մասին:

«Բարքեմփ Գյումրին» այս տարի անցկացվեց սեպտեմբերի 28-29-ը: Միջոցառման կազմակերպիչ Կարեն Տերտերյանի խոսքով, կոնֆերանսին մասնակցեցին մոտ 250 մարդ Գյումրիից, Երևանից, Վանաձորից և ՀՀ այլ քաղաքներից:

«Նախորդ տարվա համեմատ մասնակիցների թվի աճ է նկատվել, մեկ տարի առաջ (չ)կոնֆերանսը ունեցել է մոտ 150 մասնակից»,- հավելեց նա:

Սեպտեմբերի 29-ի առավոտյան Բարքեմփին զուգահեռ Գյումրիում տեղի ունեցավ “Վիքին սիրում է հուշարձաններ” ֆոտոզբոսանք-վորքշոփը, որի արդյունքում Վիքիպեդիա վերբեռնվեց մոտ հազար նկար Գյումրիի պատմամշակույթային վայրերից:

Միջոցառմանն աջակցեցին ՀՀ Մշակույթի նախարարությունն ու Գյումրու քաղաքապետարանը:

Հիշենք, որ ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է, որը լայն տարածում է ստացել ամբողջ աշխարհում։ ԲարՔեմփի մասնակիցներն իրենք են նախապատրաստում և ներկայացնում զեկուցումներ, նախաձեռնում քննարկումներ։ Երևանում առաջին անգամ ԲարՔեմփ (չ)կոնֆերանս անցկացվել է 2009: Արդեն 5 տարի է, ինչ միջոցառումը պարբերական բնույթ է կրում և տարածվում է Հայաստանի այլ մարզեր: