«ՀայԹեք Արմենիա» բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն CeBIT 2013 տեխնոլոգիական ցուցահանդեսում

Այսօր տեղի ունեցավ մամուլի ասուլիս` «ՀայԹեք Արմենիա բրենդը ներկայացվեց աշխարհի խոշորագույն CeBIT տեխնոլոգիական ցուցահանդեսում» թեմայով: Ասուլիսի բանախոսներն էին.

– Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը

– ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը

– X-Tech ընկերության տնօրեն Արման Աթոյանը

– LimeTech ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը

– Locator ընկերության կոմերցիոն տնօրեն Վլադիմիր Սոֆյանը

Հայկական տեխնոլոգիական ոլորտի կազմակերպություններից բաղկացած պատվիրակությունը մասնակցեց սույն թվականի մարտի 5-9 Գերմանիայի Հանովեր քաղաքում կայացած CeBIT 2013 աշխարհի խոշորագույն տեխնոլոգիական ցուցահանդեսին: Պատվիրակության մեջ ներառված էին Locator, Instigate, X-Tech, LimeTech ընկերությունների, Նորաստեղծ Տեխնոլոգիական Ընկերությունների Ասոցիացիայի (ՆՏԸԱ) ներկայացուցիչները: Պատվիրակությունը համակարգում և ղեկավարում էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ)` ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների Զարգացման և Շուկայի Մրցունակության ծրագրի և Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարության առանձնացված ստորաբաժանման` CBI աջակցությամբ:

Հայկական բարձր տեխնոլոգիական լուծումները ներկայացված էին ԻՏՁՄ տաղավարում, որտեղից այցելուներին տեղեկատվություն էր տրամադրվում ոչ միայն ներկա ընկերությունների մասին, այլև` ԻՏՁՄ անդամ ընկերությունների, Հայաստանի` որպես բարձր տեխնոլոգիական ներուժ ունեցող երկրի մասին:

Հայկական պատվիրակությունը գործնական հանդիպումներ ունեցավ ավելի քան 250 ընկերությունների հետ Գերմանիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Ուկրաինայից, Բելոռուսիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Նորվեգիայից, Հունաստանից, Բանգլադեշից, Չինաստանից, Ճապոնիայից և այլ երկրներից:

«Համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել թե՛ Հայաստանում ԻՏՁՄ կողմից կազմակերպվող միջոցառումներին (DigiTec Business Forum, DigiTec Expo, ArmRobotics) արտասահմանյան գործընկերների մասնակցության, թե՛ գործընկերների կողմից Եվրոպայում կազմակերպվելիք միջոցառումներին Հայաստանի ներկայությունն ապահովելու վերաբերյալ»,- նշեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության տնօրենի տեղակալ Վահան Հովսեփյանը:  ԻՏՁՄ շարունակելու է իր ջանքերն արտաքին շուկաներում հայկական տեխնոլոգիական լուծումները ներկայացնելու և իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ:

Պատվիրակության մեջ ներառված մասնավոր ընկերությունները նույնպես ձեռք են բերել գործնական պայմանավորվածություններ, որոնց իրագործումը պետք է սկսվի անմիջապես պատվիրակության վերադարձից հետո:

«Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT 2013 ցուցահանդեսին հնարավոր էր դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի աջակցությամբ: ««Ի-Դի-Էմ-Սի»-ի նպատակն էր աջակցել հայ ձեռներեցներին ներկայացնելու իրենց ՏՏ արտադրանքը այդ միջազգային հեղինակավոր ցուցահանդեսում, բարելավել մասնակից բիզնես հաղորդակցության հմտությունները և խթանել գործընկերային կապերի հաստատումը»,- նշեց ծրագրի ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ավագ փորձագետ Լևոն Գալստյանը:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և պրոդուկներ ներկայացնելու միջազգային հարթակ է: CeBIT-ի հարկի տակ 70 երկրներից ավելի քան 4 000 ընկերություն է ներկայանում, իսկ այցելուների թիվը անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր բազմիցս մասնակցել են CeBIT ցուցահանդեսին: