«ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդները կարող են վճարումներ կատարել Telcell տերմինալներով

Այսօրվանից «ՎՏԲ-Հայաստան Բանկի» հաճախորդները հնարավորություն ունեն Telcell պրոցեսինգային կենտրոնին միացված վճարային տերմինալների միջոցով կատարել վճարումներ: Ներկայումս վճարումների ընդունման ինքնասպասարկման սարքեր են տեղադրված «ՎՏԲ-Հայաստան Բանկի» Երևան քաղաքի Նալբանդյան 46, Ազատության 20, Մաշտոցի պող. 10/23 և Գյումրի քաղաքի Գորկու 78 հասցեներում գործող մասնաճյուղերում: Այս մասին տեղեկացնում են Telcell ընկերության մամուլի ծառայությունից:

«ՎՏԲ-Հայաստան»-ն առաջին բանկն է, որն ընտրեց գործարքների մի մասը ինքնասպասարկման փոխելու ուղղությունը’ վճարային տերմինալներով, որոնք միացված են Telcell հարթակին:

«Մենք համոզված ենք, որ այդ որոշումը հնարավորություն կընձեռնի հաճախորդներին խնայել ժամանակը և բարձրացնել իրենց իսկ սպասարկման որակը’ պարզ, առավել պահանջվող բանկային ծառայությունների վաճառքի ավտոմատացման հաշվին, կկրճատվեն հերթերը, գանձապահների և օպերատորների ծանրաբեռնվածությունը: Միևնույն ժամանակ բանկի որակավորված մասնագետները կազատվեն պարզ գործարքներից և կկենտրոնանան հաճախորդներին ավելի բարդ և անհատականացված բանկային պրոդուկտների սպասարկում և խորհրդատվություն իրականացնելու վրա»,- նշել է «Թել-Սել»-ի  գործադիր տնօրեն Արամ Ազատյանը: