«Օրանժ Արմենիա»-ն ունի ավելի քան 600 000 բաժանորդ

Այսօր լրացավ Հայաստանում «Օրանժ Արմենիա» ընկերության գործունեության երեք ամյակը: Ընկերության տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը մամլո ասուլիսի ժամանակ ամփոփեց 2012 տարին: 3-րդ տարվա արդյուքներով, այսօր «Օրանժ Արմենիա»-ն ունի ավելի քան 600 000 բաժանորդ, որից 80 000-ը ինտերնետ բաժանորդներն են:

2012թ-ին «Օրանժը» Հայաստանում կատարել է 7միլիարդ դրամի ներդրում և գրանցել է 21միլիարդ դրամի եկամուտ: Ինչ վերաբերում է գործառնական ֆինանսական արդյունքներին, Ֆրանսիս Ժելիբտերի խոսքով, 2012թ. 4-րդ եռամսյակում այդ արդյունքներով «Օրանժը» կլինի հավասարակշռված: «Ակնկալում ենք, որ 2013թ. վերջում մենք կդառնանք ինքնաֆինանսավորվող և կկարողանանք ետ բերել բոլոր ներդրումները»,- ընգծեց ընկերության ղեկավարը:

Անդրադառնալով 2012թ. գործունեությանը՝ Ֆրանսիս Ժելիբտերը նշեց. «Անցնող տարին «Օրանժ»-ի համար նորարարությունների տարի էր: «Օրանժը» մեկնարկեց Հայաստանում առաջին ցանցը, որն առաջարկում է մինչև 42Մբ/վ արագություն երեք մեծ քաղաքներում և 21Մբ/վ արագություն ողջ ցանցում: Ձայնային ծառայությունների ոլորտում ընկերությունն առաջարկեց Ռուսաստանում 30դր/րոպե սակագնով ռոմինգ:  Երևանի քաղաքային տրանսպորտի 123 ավտոբուս համալրվեց «Օրանժ»-ի անվճար Wi Fi անլար կապով: Հայաստանում ներդրվեց հեռախոսների էկո-վարկանշային համակարգ: Իսկ «Օրանժ Հիմնադրամ»-ի շնորհիվ 17 000 մարդ անցավ անվճար ակնային զննումներ, իսկ 1000-ն անվճար վիրահատվեցին»: