«BigBrain» vs Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն՝ «Պատերազմ և խաղաղություն»

Երեկ ittrend.amհրապարակել էր ծրագրավորմամբ զբաղվող «BigBrain» ընկերության հայտարարությունն այն մասին, թե Երևանի քաղաքապետարանը գողացել է վերջիններիս գաղափարը՝ տեղադրելով մայրաքաղաքի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ»-ը:

Երեկ ittrend.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանին կից գործող «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կոնտրոն»-ի (ԵՔԿՏԿ-ն) տնօրեն Սարգիս Մանուկյանը նշել էր, որ՝ «քաղաքապետարանը գող չէ և ոչինչ չի վերցրել»: Նրա խոսքով, նախագիծն իրականացվել է «Լոկատոր» ընկերության հետ համատեղ:

Բանն այն է, որ 2011թ.-ին «Մայրքրոսոֆթ ինովացիոն կենտրոն»-ի (ՄԻԿ) կողմից կազմակերպված և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կայացած, Երևան քաղաքի խնդիրների լուծմանն ուղղված «Հեքըթոն [ՅԱՆ] Երևան 2011» նորարար գաղափարների և նախագծերի մրցույթ-փառատոնին, «BigBrain» անունը կրող թիմը ներկայացրել էր «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ» լուծումը: Վերջինս Մայքրոսոֆթի արտադրանքի (տվյալ պարագայում kinect-ի) հենքով ստեղծված լավագույն նախագիծ անվանակարգում հաղթող էր ճանաչվել: Երևանի քաղաքապետարանը և ՄԻԿ-ը խոստացել էին աջակցել հաղթող թիմերին նախագծերի զարգացման և հնարավոր իրականացման հարցում:

«Մենք խոստացել էինք հաղթող թիմերին աջակցել, օգնել կապ հաստատել քաղաքապետարանի հետ: Անձամբ Սարգիս Մանուկյանը՝ երկու անգամ ՄԻԿ-ի գրասենյակում հանդիպել է հաղթող թիմերի և մեզ հետ: Հանդիպումներին ներկա է եղել նաև «BigBrain» թիմից Լևոնը և ներկայացրել նախագիծը: Նա պատրաստակամություն էր հայտնել անվճար նախագծել «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ» լուծումը: Սակայն կառավարման տեխնոլոգիաների կենտրոնն այդպես էլ որևէ հստակ պատասխան չէր հայտնել: Նրանց հետաքրքրում էր նաև մեկ այլ նախագիծ՝ Kinect-ով դեմքի ճանաչման լուծումը, որի դեմո տարբերակըԼևոնը նույնպես ներկայացրեց: Սակայն, չգիտեմ ինչու այդ նախագիծն էլ չիրականացավ»,- ասաց ՄԻԿ տնօրեն Եվա Հյուսյանը ittrend.am-ին:

Նա հավաստեց, որ ՄԻԿ-ի ներգրավածությունը եղել է ընդամենը «Հեքըթոն»-ում հաղթող թիմերի համար քաղաքապետարանի հետ համագործակցություն ստեղծելը և ոչ ավելին, իսկ մի քանի օր առաջ տեղադրված հարթակի նախագծի հետ ՄԻԿ-ը առնչություն չունի:

Իր հերթին, ԵՔԿՏԿ տնօրեն Սարգիս Մանուկյանը ittrend.am-ի հետ հեռախոսազրույցում պատմեց, որ ի սկզբանե ՄԻԿ-ի հետ հանդիպումը կայացել է Kinect-ով դեմքի ճանաչման նախագիծ իրականացնելու համար: Եվ քանի որ այդ նախագիծը չիրականացվեց, մտածում էին այլ բան անել:

«Մտածեցինք, ինչ անենք, քաղաքում մի հատ տեղեկատվական վահանակ դնենք: Քննարկեցինք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հետ: Անգամ մտածում էինք այն ոչ թե Kinect-ով անել, այլ սենսորային էկրանով: Սակայն հաշվարկի արդյունքում հասկացանք, որ այս նախագծի իրականացումը մեծ գումարներ է պահանջում, որը քաղաքապետարանը չունի և չիրականացրեցինք այն»,- ասաց նա:

Սարգիս Մանուկյանի խոսքով, քաղաքապետարանը վաղուց է համագործակցում «Լոկատոր» ընկերության հետ և իրենց հանդիպումներից մեկի ժամանակ «Լոկատորն» իր տեխնոլոգիաներն է առաջարկել և որոշել են քաղաքում տեղադրել մի էլեկտրոնային տեղեկատվական հարթակ՝ 3D քարտեզներով և Kinect սարքով:

Նրա խոսքով, տեղեկատվական հարթակը գյուտ չէ և որևէ մեկի գաղափարը չէ: «Սխալ կլինի ասել, որ դա կոնկրետ մեկի գաղափարն է»,-ընգծեց Սարգիս Մանուկյանը:

Այսօր Երևանի քաղաքապետարանում «BigBrain»-ի տնօրեն Լևոն Մանուկյանը և ԵՔԿՏԿ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը հանդիպում են ունեցել՝ հասկանալու և հարթելու ծագված խնդիրը: Հանդիպմանը ներկա էր նաև ittrend.am-ի թղթակիցը: Նրանք ասացին, որ քննարկել են կոնֆլիկտը և հայտնում են, որ այսուհետ պատրաստ են համագործակցել նմանատիպ նախագծերի իրականացման շուրջ:

Հիշենք, որ Լևոն Մանուկյանը երեկ ittrend.am-ի հետ զրույցում նշել էր, որ «Big Brain»-ը մի քանի անգամ հանդիպել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի հետ և մանրամասն ներկայացրել «Ինտերակտիվ տեղեկատվական հարթակ»-ի լուծումը: Այսօր նա ասաց, որ վերոհիշյալ հանդիպումները «Մայրքոսոֆթի ինովացիոն կենտրոն»-ի հետ միասին են եղել:

Այն հարցին, թե արդյո՞ք «Big Brain»-ը երբևէ անհատական հանդիպում է ունեցել ԵՔԿՏԿ-ի հետ, Լևոն Մանուկյանը ittrend.am-ի հետ հեռախոսազրույցում ասաց, որ՝«ես այս հարցին չեմ կարող պատասխանել»:

Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ԵՔԿՏԿ տնօրեն Սարգիս Մանուկյանը նշեց, որ երբևէ չի ճանաչել Լևոն Մանուկյանին և չէր կարող հիշել նրան ՄԻԿ-ում կայացած հանդիպումներից, քանի որ, որպես այդպիսին, հանդիպումը պաշտոնական բնույթ չէր կրում:

«Մենք այսօր շփման եզրեր գտանք հետագա համագործակցության համար: Անցածը թողնենք ետևում, քաղաքի համար լավ նախագծեր իրականացնենք: Մենք չենք հանդիպել որոշելու ո՞վ է ճիշտ, ո՞վ է սխալ: Մենք հիմա փորձում ենք համագործակցել»,- ասաց «Big Brain»-ի տնօրենը ittrend.am-ի հետ հեռախոսազրույցում:

Այն հարցին, թե արդյո՞ք «Big Brain»-ը հերքու՞մ է իր երեկ կատարած հայտարարությունը, որում նշում էր, որ քաղաքապետարանը որոշել է՝ «օդից փող կպավ, գնամ մենակ անեմ», Լևոն Մանուկյանը ասաց. «Համարենք կոնֆլիկտը հարթված: Բայց դրանից հերքում չի բխում»:

Նշենք նաև, որ «Big Brain»-ն իր facebook էջում քաղաքապետարանին ուղղված լուսանկարը և հաղորդագրությունը ջնջել է: