«DigiTec Expo 2012»-ը կանցկացվի հոկտեմբերի 5-7-ը

«DigiTec Expo» ամենամյա ցուցահանդեսը տեխնոլոգիական հայությանը կներկայանա  հոկտեմբերի 5-7-ը այս անգամ նոր վայրում` Երևան Էքսպո կենտրոնում, որը գտնվում է Մերգելյան ինստիտուտի տարածքում: Ցուցահանդեսի մասնակից շուրջ 130 հայաստանյան և արտասահմանյան ընկերություններ 3 օրերի ընթացքում կցուցադրեն նորարարական վերջին սարքավորումներն ու համակարգերը, ինժեներական և բարձր տեխնոլոգիական լուծումները, մոբայլ լուծումները, ծրագրային ապահովումները և այլն: Այս մասին հայտնում են ԻՏՁՄ մամուլի ծառայությունից:

Մինչ այժմ մասնակցության հայտ են ներկայացրել շուրջ 60 կազմակերպություններ, որոնցից են «Նեյշնլ Ինսթրումենթս», «Սինոփսիս», «Յունիքոմփ», «Մայքրոսոֆթ», «Օրանժ Արմենիա», «Սոֆթլայն», «Ինսթիգեյթ», «Ռեդինետ», «Ալտակոդ», «ԱրթինՎարուժան», «Լիգատեք», «Կոմպտեքարմ», «Բի Ինտերակտիվ», «Լանար Սերվիս», «Լայմ Տեխ», «Սփյուռ», «Յունիբանկ» ընկերությունները, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամը, Երևանի Կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտը և այլ կազմակերպություններ:

Արդեն 8-րդ անգամ անցկացվող միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսի հիմնական նպատակն է ստեղծել հաղորդակցման բարենպաստ միջավայր բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև:

ԴիջիԹեք ցուցահանդեսը անցկացվում է ՀՀ վարչապետի հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը: