«Orange Արմենիա»-ի աշխատակիցները կկիսվեն իրենց ՏՏ հմտություններով

Այս շաբաթ «Orange Արմենիա»-ում Կամավորների շաբաթ է: Հայաստանում, ինչպես աշխարհի 15 այլ երկրներում, Orange-ի ավելի քան 6000 աշխատակիցներ սեպտեմբերի 17-ից 24-ը կտրամադրեն մի քանի ժամ տարբեր հասարակական կազմակերպություններին և կրթական հաստատություններին` աջակցելու վերջիններիս մասնագիտական հմտություններով, ինչպես օրինակ ինտերնետային կայքը կատարելագործելու, սոցիալական ցանցերից օգտվել սովորելու և դրանց միջոցով տեղեկություններ տարածելու, ինտերնետի հմտությունները կատարելագործելու, համակարգչային տարբեր ծրագրեր կիրառելու և այլ աշխատանքներով:

Նախապես հայտարարված այս նախագծով հետաքրքրվել են 20 հայաստանյան կազմակերպություններ, որոնք ներկայացրել են իրենց կարիքները: Կամավորների շաբաթին գրանցված Orange-ի մարքեթինգի, հաշվապահության, ՏՏ և վաճառքի բաժինների 18 աշխատակիցները նրանց կօգնեն այնպիսի հարցերում, ինչպիսիք են էլեկտրոնային ամսագրի ստեղծումն ու համակարգումը, մարքեթինգային պլանի կազմումը, վեբ կայքի ստեղծումը և համակարգումը, Microsoft Excel ծրագրի կիրառումը հաշվապահության մեջ, կայքի` որոնողական համակարգերում կատարելագործումը և այլն` ներառյալ անգամ պարային դասընթացներ, քանի որ աշխատակիցներն առաջարկել են կիսվել ոչ միայն իրենց մասնագիտական հմտություններով, այլ նաև հոբբիներով:

Orange-ին օգնության համար դիմած կազմակերպությունները շատ բազմազան են` կրթական, երաժշտական, շրջակա միջավայրի պահպանման, կանանց իրավունքների ՀԿ-ներ, բժշկական կենտրոն: Վերջիններիս մի մասը գտնվում է մարզերում, այնպես որ այս շաբաթվա ընթացքում Orange-ի կամավորները կլինեն Լոռու Դսեղ գյուղում, Արագածոտնի Թալին քաղաքում, Գեղարքունիքի Գավառ քաղաքում, Կոտայքի Չարենցավան քաղաքում և այլուր, իսկ նրանցից երկուսն իրենց աջակցությունն ու խորհրդատվությունը Տավուշի մարզում գտնվող կազմակերպություններին կիրականացնեն տեսազանգի միջոցով: