Այսուհետ Իդրամի միջոցով հնարավոր է վճարել ավիատոմսի համար

Այսօր «Իդրամ»-ն իր էլեկտրոնային փողի շնորհանդեսի ժամանակ ներկայացրեց ևս մի քանի նորույթ: Այսուհետ հնարավոր է հեռախոսով պատվիրել ավիատոմսեր և ստանալով պատվերի համարը՝ վճարումներն իրականացնել կամ վճարային տերմինալներով կամ բանկերում կամ էլեկտրոնային եղանակով և այլ մեթոդներով:
Բացի ավիատոմսերի վճարումներից, «Իդրամը» տեղեկացրեց, որ Երևանի քաղաքապետարանի հետ մշակել է նոր համակարգ, որի միջոցով քաղաքացիները հնարավորություն են ստանում, գտնվելով աշխարհի ցանկացած կետում, ստուգել իրենց գույքային հարկի պարտքերը և կատարել վճարումներ բջջայինով կամ համակարգչով:

«Իդրամ» ընկերությունը ներկայացրեց նաև «Պրոմեթեյ» բանկի հետ համատեղ թողարկած MasterCard-ը, որի միջոցով հնարավոր է կանխիկացնել «Իդրամ» հաշիվը: Այս քարտը «Իդրամ» հաճախորդները կարող են ձեռք բերել անվճար:

Հիշենք, որ «Իդրամը» 2012թ. մարտի 6-ին ՀՀ Կենտրոնական բանկից ստացավ էլեկտրոնային փողեր թողարկելու թույլատվություն: Էլ.փողերի համակարգը հնարավորություն է տալիս ինտերնետ միջավայրում իրականացնել գործարքներ ցանկացած վայրից, ցանկացած ժամանակ: Այսօր «Իդրամ» համակարգում գրանցված են ավելի քան 40 հազ. հաճախորդ: