Այսուհետ Հայաստանում հնարավոր կլինի վճարումներ կատարել բջջայինով

ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարում է իր դուստր ընկերության՝ ՄոբիԴրամի ծառայությունների պաշտոնական մեկնարկի մասին: Այսօրվա դրությամբ ՄոբիԴրամի 25 մասնաճյուղ է գործում Հայաստանում (18-ը` Երևանում, 7-ը` մարզերում): Հետագայում էլեկտրոնային վճարման և փոխանցման բազմատեսակ ծառայություններ մատուցող այս նոր ընկերության մասնաճյուղերի թիվը կավելանա Հայաստանի ամբողջ տարածքում: Այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամլո ծառայությունից:

ՄոբիԴրամը ներկայացնում է հաճախորդների սպասարկման նոր մակարդակ` հնարավորություն ընձեռելով բնակչությանն օգտվելու փոխանցման և վճարման ծառայություններից բջջային հեռախոսի` USSD հրահանգների միջոցով («*» և «#» կոճակների օգնությամբ կատարվող հրահանգներ), ՄոբիԴրամի ինտերնետային կայքէջի միջոցով, կամ` այցելելով ՄոբիԴրամի որևէ մասնաճյուղ:

ՄոբիԴրամի մասնաճյուղերում հնարավոր է կատարել տեղական և միջազգային դրամական փոխանցումներ «Contact» համակարգով (շուտով նաև «Անելիք» համակարգով), կատարել ամսական վճարումներ կոմունալ (ջուր, գազ, էլեկտրաէներգիա), ինչպես նաև բջջային և ֆիքսված կապի, ինտերնետ հասանելիության ծառայությունների դիմաց, իրականացնել դրամական փոխանցումներ Հայաստանում գործող բանկեր, այդ թվում` հիփոթեքի, մեքենայի, սպառողական և այլ վարկերի դիմաց: Հաճախորդները նաև կարող են վճարել ճանապարհային ոստիկանության տուգանքները և կատարել այլ վճարումներ` խնայելով զգալի ժամանակ և ջանքեր:

ՄոբիԴրամի միջոցով USSD հրահանգների օգնությամբ ֆինանսական գործառնություններ կարելի է կատարել ցանկացած մոդելի բջջային հեռախոսով: Այսինքն` ՄոբիԴրամի միջոցով գործարք կատարելու համար անհրաժեշտ չէ ունենալ սմարթֆոն կամ օգտվել ինտերնետային հասանելիության ծառայությունից: ՄոբիԴրամի ծառայություններից կարելի է օգտվել առանց որևէ հատուկ ծրագիր ներբեռնելու: