ԴիջիԹեքյան օրերը հագեցած կլինեն սեմինարներով ու գործարար ներկայացումներով

«ԴիջիԹեք Էքսպո 2013» տեխնոլոգիական ցուցահանդեսը հագեցած է լինելու հետաքրքիր սեմինարներով ու գործարար ներկայացումներով: Ցուցահանդեսային 3 օրերին, ԴիջիԼայֆ սեմինարների շարքի շրջանակներում, այցելուները կարող են ներկա գտնվել շուրջ 30 գործարար ներկայացումների, սեմինարների, ինչպիսիք են` «Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում», «Ապագայի խելամիտ կոմերցիաները. IBM տեսլական», «Դիմավորեք նոր Office365», «Արդի տվյալների կենտրոններ», «Էլեկտրոնային առևտուր` տեխնոլոգիական յուրահատուկ լուծումներով», «Ի՞նչ է ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանությունը, նրա ծագումը, պատմությունը և ի՞նչու կիրառել այն»   և այլն:

«Կիբեռանվտանգության արդի խնդիրները ձեռնարկություններում» սեմինարով հանդես կգա «Յունիքոմփ» ընկերությունը: Կներկայացվեն կիբեռանվտանգության ոլորտի արդի սպառնալիքները և նրանց յուրահատկությունները: Քննարկվելու են նրանց դեմ պայքարի հնարավոր միջոցները, մասնավոր լուծումները, որոնք առաջարկվում են տարբեր արտադրողների կողմից:

«Մակադամիան» ընկերությունը կներկայացնի «Agile Tour»-ը միջոցառումը, որի նպատակն է բացահայտել նոր առաջնորդներ և խոսնակներ, տարածել ծրագրային արտադրանքի մշակման Agile մեթոդաբանության ոլորտում ունեցած փորձը: “Agile Tour”-ի հիմնական առաքելությունն է աշխարհի բոլոր տարածաշրջաններում խրախուսել “Agile” մեթոդները, օգնել գործընկերներին և տեղական ընկերություններին յուրացնել վերջինիս կիրառումը: Այս տարի «Մակադամիան ԱՌ» ընկերության նախաձեռնությամբ և «բի2», «ԷթԹասք» ընկերությունների մասնակցությամբ, առաջին անգամ Հայաստանում, կկազմակերպվի «Agile Tour Երևան» միջոցառումը:

Սեմինարների օրակարգին կարող եք ծանոթանալ` հետևելով այս հղմանը:

«ԴիջիԹեք էքսպո 2013»-ը կկայանա հոկտեմբերի 4-6, Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական Ինստիտուտի (Մերգելյան) «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը, պլատինե հովանավորն է ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ընկերությունը «Ռոստելեկոմ» ապրանքանիշով, պաշտոնական հովանավորն է` «Քուեսթրեյդ Ինթերնեյշնլ Ինկ.»-ը, իսկ հովանավորը` «Սատիս» ընկերությունը: ԴիջիԹեքն ավանդաբար անց է կացվում ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: