Երևանի 6 այգիներում հասանելի է անվճար WiFi կապ

Այսօրվանից Երևանի 6 այգիներում՝ Մաշտոցի պուրակում, Հալաբյան փողոցին հարող այգում, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հարակից այգում, Դավիթաշեն համայնքային այգում, Գարեգին Նժդեհի հրապարակում և Սասունցի Դավթի հրապարակում յուրաքանչյուրը կարող է անվճար օգտվել «ՋիԷնՍի-Ալֆա»-ի կողմից տրամադրվող WiFi ինտերնետ կապից: Այս մասին «ՋիԷնՍի-Ալֆա»-ն հայտնում է իր Facebook էջում:

Այս նախաձեռնությունը ընկերությունը իրականացրել է Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ:

«Մեր ընկերությունը մեծապես կարևորում է նման նախաձեռնությունները, որոնք զբոսանքի և հանգստի վայրերում առավել հասանելի են դարձնում գերարագ ինտերնետ կապի ծառայությունները և առավել հարմարավետ դարձնում քաղաքացիների հանգիստը»,- նշում է ընկերությունն իր հաղորդագրությունում:

Հիշենք, որ Երևանում WiFi անվճար ինտերնետ կապ գործում է արդեն Երևանի Մետրոպոլիտենի 10 կայարաններում, նոր ավտոբուսներում և որոշ կանգառասրահներում: