Երևանում կգործի “Doit! Lab” հեքսփեյսը

Սեպտեմբերից Երևանում կգործի “Doit! Lab” անունը կրող հեքսփեյսը (Hackerspace): Այն հատուկ տարածք է, որտեղ հավաքվում են ՏՏ ոլորտի մասնագետներ, սկսնակ թիմեր, սթարթափեր և աշխատում իրենց գաղափարների շուրջ:

Երևանյան հեքսփեյսի հեղինակն է GDG Armenia (Google Developers Group) խմբի կորդինատոր Վարդան Գրիգորյանը: ittrend.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ հեքսփեյսերը բոլոր այն էնտուզիաստների համար են, ովքեր ունեն գաղափարներ, սակայն հնարավորություն չունեն տարածք վարձելու. «Հայաստանում ՏՏ ոլորտը զարգանում է և հայտնվում են բազմաթիվ խմբեր, որոնք ունենք հետաքրքիր գաղափարներ: Օրինակ մեր թիմը՝ GDG Armenia-ն, կամ Adobe user group-ը: Հեքսփեյսում նման խմբերը կկարողանան հանգիստ աշխատել իրենց գաղափարների շուրջ»:

Վարդանի խոսքով, “Doit! Lab” հեքսփեյսում կլինի նաև առանձին սենյակ պրոյեկտորով: Հնարավոր է հեքսփեյսին կից գործի Dev սրճարան, որտեղ այցելուները կարող են հանգստանալ առօրյա հոգսերից, ծանոթանալ ոլորտի այլ մարդկանց հետ, իսկ ստացված հասույթը ինչ որ չափով կօգնի հեքսփեյսի վարձակալմանը:

Վարդան Գրիգորյանն այժմ փնտրում է աջակիցներ, հովանավորներ, ում միջոցով հեքսփեյսը հնարավոր կլինի իրականություն դարձնել և տրամադրել ՏՏ ոլորտի էնտուզիաստներին անվճար: Հովանավոր գտնելու դեպքում, տարածքը կարիք է ունենալու պատրաստման, կահավորման: Այդ իսկ պատճառով “Doit! Lab” հեքսփեյսը հավանաբար կբացվի սեպտեմներին: Հեքսփեյսում աշխատելու համար անհրաժեշտ կլինի անդամագրվել “Doit! Lab”-ի կայքում: