Թումոն 1 տարեկան է

Այսօր լրանում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մեկ ամյակը: Այսօր երեկոյան ավելի քան 3000 պատանիներ կհավաքվեն Թումո պլազայում՝ նշելու կենտրոնի մեկամյա հաջողությունները, տեղեկացնում են Թումոյի մամուլի ծառայությունից:

Անցյալ տարի օգոստոսին  14-ին Երևանում պատանիների առջև իր դռները բացեց Թումոն: Մեկ տարի անց կենտրոնում արդեն ուսուցանում է 12-18 տարեկան  6000-ից ավելի պատանի, իսկ օրական հաճախումների թիվը գերազանցում է 1000-ը:

Թումոն բացառիկ հնարավորություն է ընձեռում պատանիներին բացահայտելու նորարար տեխնոլոգիաների աշխարհը, որտեղ նրանք կարող են ձեռք բերել գիտելիքներ և զարգացնել հմտություներ չորս հեռանկարային ոլորտներում՝ անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում և թվային մեդիա: Ավելին, պատանիներն այստեղ ձեռք են բերում թիմային աշխատանքի և հաղորդակցման հմտություններ, ձևավորում վերլուծական մտածելակերպ, զարգացնում նախաձեռնողականություն: Նրանք ստեղծագործում են նոր մեդիա գործիքների կիրառմամբ` միաժամանակ աշխատելով իրական նախագծերի վրա:

Կենտրոնում գործում է Ռոբոտաշինության նախագիծը: Այն հնարավորություն է տալիս Թումո պատանիներին սովորելու ռոբոտների ծրագրավորում LEGO Mindstorms NXT-G գրաֆիկական լեզվով՝ համագործակցելով տեղացի և արտերկրից ժամանած մասնագետների հետ: Երաժշտությամբ հետաքրքրված պատանիների համար անց է կացվում համակարգչային երաժշտության դասընթաց, որի ընթացքում Թումոյի անդամները ստեղծում են երաժշտություն, գրում երգեր, կատարում և ձայնագրում իրենց ստեղծագործությունները:

Թումոն իրականացնում է նաև մի շարք նախագծեր, որոնցում ընդգրկված երիտասարդները ծանոթանում են անիմացիայի ստեղծման աշխատանքներին և մասնագետների աջակցությամբ ստեղծում տեսահոլովակներ: Բոլորովին վերջերս համացանցում հայտնվեց հանրահայտ հայազգի ռոք երգիչ  Սերժ Թանկյանի “Uneducated Democracy” (“Անգրագետ ժողովրդավարություն”) նոր երգի տեսահոլովակը: Հոլովակի պատրաստման աշխատանքներում ընդգրկված էին Թումոյի 14-18 տարեկան մի խումբ սաներ: Երկու շաբաթ  անընդմեջ պատանիներն  աշխատել են տեսահոլովակի ստեղծման ուղղությամբ՝ գրելով սցենար, կերտելով պլաստիլինե և գծանկար-կերպարներ, որոնք կենդանություն են ստացել անիմացիոն հնարքների միջոցով:

Թումո կենտրոնը ստեղծվել է Սիմոնյան կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ: Ուսուցումը Թումոյում անվճար է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով հետաքրքրված բոլոր 12-16 տարեկան պատանիների համար: