Լրացավ Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնադրման երկամյակը

2013 թվականի մայիսին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նշեց հիմնադրման երկրորդ տարեդարձը: Ընդամենը երկու տարվա ընթացքում Կենտրոնը հասցրել է ճանաչվել իբրև  վայր, որտեղ հանդիպում են նորարար միտքն ու այն իրականություն դարձնելու պատրաստակամություն և կարողություն ունեցող  ՏՏ մասնագետներ, ուսանողներ, բիզնեսի, պետական համակարգի, քաղաքացիական հասարակության, դոնոր կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների ներկայացուցիչներ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնումը հանդիսանում է հայկական ՏՏ ոլորտի վերջին շրջանի  դինամիկ զարգացման տրամաբանական արդյունքը: Ոլորտի աճը, սեփական արտադրանքի ավելացումը և դրա ներկայությունը համաշխարհային շուկայում,  վերազգային կազմակերպությունների հետաքրքրությունը և ներկայությունը Հայաստանում, երիտասարդների շրջանում ձեռներեցության  ձգտումը և նորանոր ձեռնարկությունների հիմնումը հրամայական են դարձնում նմանատիպ միջավայրի գոյությունը:

Իր գործունեության երկու տարվա ընթացքում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի Կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակում իրականացված տեխնոլոգիական և բիզնես հմտությունների կարճաժամկետ ու երկարաժակետ դասընթացներին և սեմինարներին մասնակցել են ավելի քան 2000 ուսանողներ ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երից:

Նորարար գաղափարների բացահայտմանն ուղղված շուրջ 10 մրցույթներին մասնակցել են 100-ից ավել թիմեր: Այդ մրցույթների ընթացքում ներկայացված և մշակված լավագույն գաղափարների մեծ մասն այսօր շուկայում են կամ պատրաստ են մուտք գործել հայաստանյան և արտասահմանյան շուկաներ:

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի աջակցությունը ստացած թիմերից մի քանիսը գրանցված են իբրև նորաստեղծ ընկերություններ կամ գրանցման փուլում են՝ BigBrain, 4car.am, eagro.am, Apollosoft, Clean H2O,  Lionsharp Solutions և այլն:

Յուրքանչյուր ոլորտում որդեգրելով  նորարար մոտեցումներ՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը 2012 թվականի ամռանը սկսեց իրականացնել Կարճաժամկետ պրակտիկայի ծրագիր՝  հայաստանյան առաջատար ՏՏ ընկերությունների հետ համատեղ:  Ընդամենը մի քանի ամսում տեսական և գործնական հմտությունները խորացնելու և արդյունքում երաշխավորված աշխատատեղով ապահովելու այս մոդելի արդյունքները գերազանցեցին բոլոր սպասումները՝ ապահովելով մասնակիցների 90%-ի զբաղվածություն:  Ներկայումս Պրակտիկայի սահմանները ընդլայնվում են՝ ներառելով նորանոր ընկերություններ :

Կենտրոնի գործունեությունը բազմիցս  գնահատվել է իբրև  արդյունավետ  ինչպես ՀՀ կառավարության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, այնպես էլ Մայքրոսոֆթ կորպորացիայի կողմից, որն ընդգրկել է ՄԻԿ Հայաստանը աշխարհի լավագույն  ինովացիոն կենտրոնների ցանկում: