Կստեղծվի հայկական մշակութային ժառանգության ընդհանուր էլեկտրոնային բազա

hasmik-poghosianՍտեղծվելու է ընդհանուր բազա, որտեղ ներկայացված կլինի արդեն թվայնացված հայկական մշակութային ժառանգությունը: Էլեկտրոնային բազայի ստեղծմանն արդեն հավանություն է տվել ՀՀ կառավարությունը: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքով` տվյալները պետք է տրամադրեն 44 պետական կառույցներ, իսկ մարզային, մասնավոր և արտասահմանյան հավաքածուների համար նախատեսված է կամավոր կարգ։

«Բազայի ստեղծման նպատակն է ստեղծել Հայաստանի մշակութային ժառանգության թվային տարբերակը և հասանելի դարձնել այն աշխարհի ցանկացած ծայրում գտնվող մարդկանց»,-նշել է Պողոսյանը:

Ներկա պահին մշակույթի նախարարության ենթակայության ներքո գտնվող 19 թանգարաններ ունեն իրենց կայքերը և գրեթե ավարտին են հասցրել իրենց տվյալների թվայնացման աշխատանքները: Ըստ նախագծի` տվյալների բազայի ձևավորման ծրագրային ապահովումը և տեխնիկական հարցերը կնախատեսվեն 2015 թվականի բյուջեով։ Նշենք, որ մշակութային ժառանգության թվայնացման և էլեկտրոնային բազայում ընդգրկման բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն 2016-2020 թվականներին։