Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման առաջնության հաղթողները պարզ կդառնան հոկտեմբերի 26-ին

open game5Հոկտեմբերի 26-ին, ժամը 12:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), տեղի կունենա «Բաց Խաղ» համակարգչային և բջջային խաղերի նախագծման 3-րդ առաջնության խաղերի ցուցահանդեսը, որին կհաջորդի մրցանակաբաշխությունը:

Առաջնության խաղերի ցուցահանդեսին մասնակցում են 25 խաղ (համեմատության համար՝ նախորդ տարի եզրափակիչ փուլում մասնակցում էին 19 խաղ): Մասնակիցների թվում են թե՜ սկսնակ ընկերություններ, թե՜ պատանիներ ինչպես Հայաստանի բնակիչներ, այնպես էլ սփյուռքահայեր: Եզրափակիչ փուլ անցած նախագծերին կարող եք ծանոթանալ առցանց:

«Այս տարվա մրցույթում որակական աճը կրկնապատկվել ու նույնիսկ եռապատկվել է: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ»,- ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Առաջնության մրցանակային ֆոնդը 1.700.000 դրամ է: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ»,  «Լավագույն Game Play», «Նորարարություն», «Լավագույն դիզայն», «Լավագույն կերպար», «Լավագույն 3D լուծում», «Պատանիների առաջնություն-Junior»: Ցուցահանդեսի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների կողմից ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Ժողովրդական մրցանակ»:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից երրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, Triada, MicroSoft-RA, Zoom Graphics, Tumo  կազմակերպություններից: