Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման «Բաց Խաղ» առաջնության հաղթողները պարզ կդառնան այսօր

Այսօր Մանկական Պատկերասրահում տեղի կունենա “Բաց Խաղ” Համակարգչային խաղերի և բջջային հավելվածների նախագծման 2012թ. առաջնության եզրափակիչ փուլը, որին զուգահեռ, ինչպես անցյալ տարի, կանցկացվի խաղերի ցուցահանդես: Մինչ այժմ կայացել է առաջնության 3 նախնական փուլ: Միմյանց հետ մրցել են 33 մասնակիցներ՝ 40 նախագծերով, որոնցից եզրափակիչ փուլ են անցել 19 նախագծեր՝ համակարգչային և բջջային խաղեր, ինչպես նաև բջջային հավելվածներ: Առաջնությանը մասնակցում են թե՜ գործող ընկերություններ («Իքս-Թեք» և «Վեբեքս Թեքնոլոջիս»), թե՜ պատանիներ և թե՜ արտերկրում ապրող հայեր, մասնավորապես ԱՄՆ-ի և Իրանի քաղաքացիներ: Եզրափակիչ փուլ անցած նախագծերն են` GraviTire 3D, Astrophil, AYBrain, Shika, iAybuben, Aghotagirq, The Ring, Gyumri Drive, Learn Armenian, Hexols, Psycho, Pirate School, Mukhoboyka, Online Multiplayer Bagammon, Plant An Idea- Plant a Tree, Tumanyan Shaurma, Airbattle(Kinect mode), UFO Attack, Հարսանիք Լեռներում:

« Կարելի է ասել, որ այս տարվա մրցույթում իսկապես նկատվում է որակական զարգացում: Մենք ոչ միայն ավելի մեծ թվով հայտեր ենք ստացել, այլ նաև խաղերի մեծ մասն արդեն ամբողջովին պատրաստ է օգտագործման համար, և վաղը ցուցահանդեսի այցելուները կկարողանան ինչպես գնահատել մասնակիցների ստեղծագործական միտքը, այնպես էլ իրականում խաղալ: Նույնիսկ պատանի մասնակիցները կարողացել են ծրագրավորման աշխատանքներ կատարել, ինչն իսկապես շշմեցուցիչ է: Հրավիրում ենք բոլորին` մասնակցելու և բացահայտելու երիտասարդ հայ տաղանդներին», ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

Հաղթողների անունները կհայտարարվեն և մրցանակաները կհանձնվեն հոկտեմբերի 20-ին: Մրցանակաբաշխությունն անց է կացվելու 9 անվանակարգերով` «Լավագույն խաղ», «Լավագույն բջջային խաղ», «Լավագույն սցենար», «Լավագույն դիզայն», «Նորարարություն», «Լավագույն սոցիալական բջջ. հավելված», «Լավագույն ժամանցային հավելված», «Լավագույն հաղորդակցություն հավելված» և «Պատանիների առաջնություն»:

«Ընդամենը մի քանի տարում մենք բոլորս ականատես եղանք, թե ինչպես բջջային հեռախոսների և սմարթֆոնների համար նախատեսված խաղային ծրագրերն ու հավելվածները ներխուժեցին մեր կյանք: Սա դինամիկ կերպով զարգացող ու աճող ոլորտ է, որտեղ իհարկե դեռևս հայկական ստեղծագործությունների ու բովանդակության պակաս կա: Այս մրցույթի նպատակն է խթանել երիտասարդ ծրագրավորողներին, դիզայներներին, անիմատորներին միասին ստեղծագործել ու կերտել խաղերի հայկական աշխարհը: Նրանցից շատերի համար այս ոլորտը հետագայում կարող է լուրջ մասնագիտական աճի ու բիզնեսի հորիզոններ բացել, և այդ առումով երջանիկ ենք աջակցել Բաց Խաղին արդեն երկրորդ տարին անընդմեջ», ասաց Orange Արմենիայի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանը:

Մրցանակաբաշխությանը նախորդելու է ցուցահանդես, որի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան  ծանոթանալ և խաղալ առաջնության մասնակիցների ներկայացրած աշխատանքները, ինչպես նաև քվեարկել սիրելի խաղի օգտին: Այցելուների ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցը կստանա «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը:

Հիշեցնենք, որ առաջնության խաղերի ցուցադրության տեղի կունենա հոկտեմբերի 20-ին, ժամը 11:00-17:00, «Գեղագիտության Ազգային Կենտրոն» Մանկական ստեղծագործության թանգարանում (Մանկական պատկերասրահ, հասցե՝ Աբովյան 13), իսկ 17:00-ին կկայանա մրցանակաբաշխությունը: Մուտքն ազատ է:

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության և «Օրանժ Արմենիայի» կողմից արդեն երկրորդ անգամ կազմակերպվող առաջնության նպատակն է զարգացնել համակարգչային խաղերի նախագծման ոլորտը Հայաստանում, ինչը հնարավորություն կտա ստեղծել տեխնոլոգիական բիզնես նոր ուղղություն, բացահայտել նոր տաղանդներ, մոտիվացնել երիտասարդներին:

Առաջնության ժյուրիի կազմում ընդգրկված են խաղերի նախագծման առաջատար մասնագետներ, ծրագրավորողներ, դիզայներներ Sourcio, Plexonic, DigitalChocolate, Triada, MicroSoft-RA ընկերություններից և Association of Modern Technologies Professionals, National Professional Cybersport League-ից: