Հայաստանի բարձր տեխնոլոգիական լուծումները կներկայացվեն CeBIT ցուցահանդեսում

Մարտի 5-ից 9-ը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն «ՀայԹեք Արմենիա» բրենդը Գերմանիայի Հանովեր քաղաքում անցկացվող միջազգային ամենախոշոր թվային CeBIT ցուցահանդեսում: Հայկական պատվիրակությունը ղեկավարում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Պատվիրակության կազմում են «Ինստիգեյթ», «Լոկատոր» և «Իքս-Թեք» ընկերությունները, ինչպես նաև Նորաստեղծ տեխնոլոգիական ընկերությունների ասոցիացիան: Հայկական պատվիրակության մասնակցությունը CeBIT ամենամյա ցուցահանդեսին հնարավոր է դարձել ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության («Ի-Դի-Էմ-Սի») ծրագրի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարության «Ներմուծումների խթանման կենտրոն» (CBI) գործակալության աջակցությամբ:

Ցուցահանդեսին «Ինստիգեյթ»-ը կներկայացնի իր մշակած ծրագրային հավելվածները՝ iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի համար մուլտիթրեք մեդիա նվագարկիչը, ձեռնարկությունների զարգացման համար ծրագրային լուծումները և այլն: «Իքս-Թեք»-ը կներկայացնի իր Kinect ծրագրային հավելվածներն ու խաղերը, վեբկայքերի մշակման ծառայությունները, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի, ցանցերի և բջջային հեռախոսների ծրագրային հավելվածները, և իր վերջին՝ CityBugs.am նախագիծը: «Լոկատոր»-ը կներկայանա ավտոմեքենաների շարժին հետևելու, տվյալների փոխանցման, 3D մոդելավորման և այլ նախագծերով:

CeBIT ցուցահանդեսին ներկայացվում են տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտների թվային լուծումներ կենցաղային և կորպորատիվ օգտագործման համար: Ցուցահանդեսը ոլորտի միտումներին ծանոթանալու, գործնական կապեր հաստատելու և տեխնոլոգիական լուծումներ ներկայացնելու միջազգային հարթակ է: Ամեն տարի CeBIT-ի հարկի տակ ներկայանում են ավելի քան 4 000 ընկերություններ 70 երկրներից, իսկ այցելուների թիվն անցնում է 310 000-ը՝ աշխարհի շուրջ 110 երկրներից: Հայաստանյան ընկերությունները 2000 թվականից ի վեր մի քանի անգամ մասնակցել են CeBIT ցուցահանդեսին:

ԱՄՆ ՄԶԳ/«Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցության նպատակն է խթանել հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների հզորացումը, բիզնես հաղորդակցության և վաճառքի հմտությունների բարելավումը, ինչպես նաև գործընկերային կապերի հաստատումը: