Հայկական կայքերին ուղղված հարձակումների 90%-ը կատարվում է ադրբեջանցի հաքերների կողմից

Մերօրյա վիրուսներն առաջվանը չեն: Այս կարծիքն այսօր հայտնեց «Ինտերնետ հանրություն»ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը մամլո ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, այսօր վիրուսները կատարում են երկու գործառույթ:

«Նախ վիրուսները հավաքում են ձեր մասին տեղեկություններ՝ գողանում համակարգչի բրաուզերում ձեր «հիշած» վիրուսները և այդ կերպ կարողանում են ձեր դեբեդային քարտերից գումարներ հափշտակել: Եվ երկրորդ՝ վիրուսներն ապահովում են նաև DDoS հարձակումներ՝ այսօր ամենատարածված և վտանգավոր հարձակման մեթոդը, որոնց դեմ պայքարելը դժվար է»,- ասաց նա:

“ABC domein” ընկերության սիստեմ ադմինիստրատոր Արման Խաչատրյանի խոսքով, հաքերների հարձակումների մեծ մասն ուղղված է հայկական լրատվական կայքերին: «Հաքերները հիմնականում կամ գլխավոր էջն են փորձում փոխել կամ տեղադրում են այլ բովանդակություն: Եթե նայենք IP-ներով հարձակումների վիճակագրությանը, ապա ամենից շատ հայկական կայքերը գրոհում են Չինաստանից: Սակայն սա չի նշանակում, որ չինացի հաքերներն են գրոհում: Այլ պարզապես ադրբեջանցի հաքերը վիրուսներ ուղարկելով Չինաստանի համակարգիչներին, կարող է DDoS իրականացնել հայկական կայքերի վրա: Ինչպես հայտնի է, DDoS-ն իրականացվում է մեկ կայքին տարբեր համակարգիչներից լիքը հարցումներ ուղարկելու մեթոդով»,- ընգծեց նա:

Մասնագետի խոսքով, Հայաստանին ուղղված հարձակումների 90%-ը կատարվում է ադրբեջանցի հաքերների կողմից: Գրիգոր Սաղյանի խոսքով, միշտ պետք է հետևել կայքի համակարգի թարմացմանը, այլապես կարելի է հեշտ խոցելի դառնալ: