Հայտնաբերվել է նոր վտանգավոր վիրուս

«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետները հայտնաբերել են նոր վիրուս, որը հարձակվում է Մերձավոր Արևելքի մասնավոր համակարգիչների վրա: Այն հայտնաբերվել է Միջազգային հեռահաղորդակցության միության կողմից՝ պետությունների անվտանգությանը սպառնող կիբերսպառնալիքների քննության ժամանակ: Այս մասին լաբորատորիան հայտնում է իր պաշտոնական բլոգում:

«Կասպերսկու լաբորատորիայի» փորձագետ Ալեքսանդր Գոստևի խոսքով, Gauss անվանումը ստացած այս վիրուսն իր կառուցվածքով բավական նման է Flame վիրուսին: Այն տրոյան ծրագիր է՝ ստեղծված բանկային հաշվեհամարներ, գաղտնաբառեր և այլ ֆինանսական տեղեկություններ հափշտակելու համար: Gauss-ը հարձակվում է համակարգիչների վրա Windows-ից:

Այս վիրուսով վարակվել է Մերձավոր Արևելքի երկրների ավելի քան 2000 համակարգիչ: Վարակված համակարգիչների մեծ մասը տեղակայված է Լիբանանում: Gauss-ը հարձակվել է ոչ միայն Լիբանանյան բանկերի վրա, այլև օգտագործողների PayPal հաշիվների վրա:

Հիշենք, որ նմանատիպ վտանգավոր վիրուսներից է Flame-ը, որը հայտնաբերվել է 2012թ. մայիսին Իրանում, Իսրայելում, Սիրիայում և Մերձավոր Արևելքի այլ երկրներում: Հայտնի վտանգավոր այլ տրոյաններից են Stuxnet-ը, որը 2010-ին հարձակվել էր Իրանի ատոմային ծրագրի վրա և Duqu-ն, որը վարակում էր համակարգիչները էլեկտրոնային փոստերից: