Հաքերները հափշտակել են Yahoo օգտագործողների 450 000 գաղնտաբառ

Հաքերները հափշտակել են Yahoo ինտերնետ ընկերության 450 000 օգտագործողի էլեկտրոնային փոստի անուն և գաղնտաբառ: Այս հափշտակված տվյալները հաքերները հրապարակել են տեքստային ֆայլի տեսքով հաքերային կայք D33D Company-ում, հաղորդում է ruformator.ru-ն:

Հաքերների խոսքով, հափշտակված տվյալները հրապարակվել են՝ ցույց տալու Yahoo-ի համակարգի անվտանգության թույլ կողմերը:
Նրանց կարծիքով, Yahoo-ի վեբ-սերվերների համակարգում կան բազմաթիվ բացթողումներ, որոնք կարող են ավելի վնաս հասցնել, քան իրենց հարձակումները:
Yahoo-ն դեռևս պաշտոնապես այս հարձակման մասին ոչ մի հայտարարություն չի արել:

Հիշենք, որ երեկ նման հարձակում կատարվել էր նաև Formspring ծառայության վրա: Հաքերներին հաջողվել էր հափշտակել 420 000 գաղտնաբառ: Նախորդ ամիս նման խոշոր հարձակումներ կատարվել էին նաև գործարար սոցցանց LinkedIn-ի և երաժշտական ծառայություն Last.fm-ի վրա: