Մարսագնացը Երկիր է ուղարկել առաջին գունավոր պանորաման

Մարսագնաց Curiosity-ն Երկիր է ուղարկել առաջին գունավոր պանորաման, հայտնում է NASA-ն: «Մենք ֆանտաստիկ օր ունեցանք Մարսում: Բոլոր սարքավորումներն աշխատում են մեր նախատեսածի համապատասխան»,- ասել է Մարս առաքելության ղեկավար Մայկ Ուոտկինսը:

Նրա խոսքով, օգոստոսի 10-ին փոփոխվելու է մարսագնացի ծրագրային ապահովումը: Աշխատելու է հատուկ ծրագիր՝ նախատեսված մոլորակի մակերեսի հետ աշխատանքների համար: NASA-ի աշխատակիցը հավաստիացնում է, որ պարբերաբար կատարվում է բոլոր գիտական սարքերի ստուգում:

Malin Space Systems ընկերության աշխատակից Մայք Մելինը պատմել է ամենագնացի ֆոտոխցիկների մասին: Նրա խոսքով, Curiosity-ն հագեցած է երկու գունավոր ֆոտոխցիկով: Երկուսն էլ ստանում են բարձր որակի լուսանկարներ: Դրանցից մեկը պատկերը տեսնում է ավելի լայն անկյունով: Երկու ֆոտոխցիկների լուսանկարած պատկերները միասին հնարավորություն են ստեղծում ստանալ ստերեոպատկերներ: Ահա առաջին նմանատիպ լուսանկարը՝ 1,2 x 1,2 հազար մեգապիքսել կետայնությամբ:

Լուսանկարում երևող մոխրագույն կետերը ամենագնացի անցած ճանապարհի հետքերն են:

Curiosity ամենագնացը կշռում է մոտ 900 կիլոգրամ: Այն հագեցած է 10 գիտական սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս կատարել երկրաբանական ուսումնասիրություններ, հետազոտել մոլորակի կլիման և մթնոլորտը, փնտրել օրգանական նյութեր և ջրի հետքեր, պարզել արդյոք մոլորակը երբևէ պիտանի է եղել  կամ արդյոք կարող է պիտանի լինել ապրելու համար: