Նորովի բացահայտենք Հայաստանը Google Earth-ի միջոցով, եռաչափ պատկերավորմամբ

«Լոկատոր» ընկերությունն իր ‹‹Երևան 3D›› նախագիծը կներկայացնի մարտի 1-2-ը կայանալիք CTS 2013 Զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսին, որը նվիրված է տարածաշրջանային, ինչպես նաև Հայաստանում ներքին զբոսաշրջության զարգացմանը:

‹‹Հայաստանը հարուստ պատմամշակութային ժառանգություն ունի, ինչն էլ կարող է զբոսաշրջության մեծ հեռանկարներ ստեղծել մեր երկրի համար նպատակաուղղված PR-ի և ողջ աշխարհին ճշգրիտ ներկայացնելու դեպքում: Մեր ‹‹Երևան 3D›› նախագիծը թույլ կտա զարգացնել զբոսաշրջությունը Հայաստանում՝ դրանով նպաստելով պետության համար կարևոր նշանակություն ունեցող կառույցների` եկեղեցիների, տեսարժան վայրերի, հուշակոթողների, ճարտարապետական գլուխգործոցների, ինչպես նաև հանգստյան տների, հյուրանոցների, ակումբների պատկերավոր ներկայացմանը: Այս բոլորը հնարավոր կլինի տեսնել եռաչափ պատկերների միջոցով վիրտուալ եռաչափ մոլորակի վրա», ասում է նախագծի ղեկավար Վլադիմիր Սոֆյանը:

«Երևան 3D›› նախագիծն իրականացվում է 2012 թվականից: Նախագծի հիմնական նպատակն է Հայաստանի քաղաքների և նրա հարակից շրջանների եռաչափ մոդելավորումը Google Earth համակարգում: Այս նախագիծն ուղղված է ազգային PR-ին և կարող է Հայաստան բերել բազմաթիվ ընկերությունների և զարգացնել զբոսաշրջությունը:

Նշենք, որ CTS 2013 Զբոսաշրջության 12-րդ միջազգային ցուցահանդեսը տեղի կունենա «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, ժամը 11:00-ից 19:00-ը: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 70 ընկերություններ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Վրաստանից, Թուրքիայից, Հունաստանից, Արգենտինայից, Եգիպտոսից և Միացյալ Արաբական Էմիրություններից: