Սիլիկոնյան հովտում կբացվի Հայաստանի գրասենյակ

Աշխարհի տեխնոլոգիական կենտրոնում՝ Սիլիկոնյան հովտում կբացվի Հայաստանի գրասենյակ: Այսօր մամլո ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:

Նրա խոսքով, Հայաստանի գրասենյակի բացումը պաշտոնապես կկայանա նոյեմբերին՝ «ԱրմԹեք» ամենամյա 5-րդ համաժողովի ժամանակ:
«Գրասենյակը հնարավորություն կտա ներկայացնել Հայաստանը որպես տեխնոլոգիական, մեծ ներուժ ունեցող երկիր: Գրասենյակի միջոցով Հայաստանը կփորձի համագործակցել Հայաստանում ներդրումներ անելու շահագրգիռ կազմակերպությունների հետ»,- ասաց «Սինոփսիս Հայաստան» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի խոսքով, գրասենյակում աշխատելու է մեկ մարդ և գրասենյակը ֆինանսավորվելու է պետություն-մասնավոր հատվածի կողմից: «Սկզբնական շրջանում պետության ֆինանսավորումը գերակշռելու է: Սակայն 4 տարի անց նախատեսվում է, որ այն կդառնա ինքնաֆինանսավորվող»,- հավելեց նախարարը: