«Վրաստանյան GITI 2012» համաժողովում Հայաստանը հաղթել է 7 անվանակարգում

Թբիլիսիում կայացած «Վրաստանյան ՏՏ նորարարության» GITI 2012 համաժողովին, բիզնեսի և պետական ոլորտներում ներկայացված 14 անվանակարգերում Հայաստանից մասնակցող ՏՏ ընկերությունները և Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն արժանացել են 5 և 2 մրցանակների:

Մասնավորապես,  «Տարվա լավագույն ինտեգրատոր» և «Լավագույն մուլտիմեդիա նախագիծ» անվանակարգերում հաղթող է ճանաչվել X-Tech ստուդիայի CityBugs ծրագիրը, «Բիզնեսի համալիր լուծումներ» անվանակարգում մրցանակի է արժանացել E-Agro-ն, «Բիզնեսը բիզնեսին՝ լավագույն լուծում» անվանակարգում հաղթող է ճանաչվել Innovative Greenhouse-ը, «Լավագույն ՏՏ կրթություն» անվանակարգում՝ Instigate-ը Գորիսի վերապատրաստման կենտրոնի իր նախագծով, «ՏՏ հաջողված նորարարության» և «Լավագույն  տեղեկատվական ռեսուրս» անվանակարգերում շահել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն:

Համաժողովի շրջանակում, հայաստանյան պատվիրակությունը 11 պրեզենտացիաներ է ներկայացրել և նոյեմբերի 15-17-ին GITI ցուցահանդեսի հայկական անկյունում ներկայացրել բարձր-տեխնոլոգիական իր լուծումները: Համաձայնություններ են ձեռք բերվել այս տարի ԻՏՁՄ-ի կողմից կազմակերպվելիք «Առանց փողկապների հանդիպմանը» վրացի գործընկերների մասնակցության վերաբերյալ: Բացի այդ, Instigate ճարտարագիտական ընկերությունը ներկայացրել է իր նորաբաց մասնաճյուղը Թբիլիսիում:

Վրաստանում կայացած համաժողովին հայաստանյան պատվիրակության մասնակցությունը համակարգել էր ԻՏՁՄ-ն՝ «Ի-Դի-Էմ-Սի»-ի աջակցությամբ, որը սատարում է հայաստանյան ՏՏ ընկերությունների արտահանման կարողությունների զարգացմանը և նպաստում նրանց գործնական հմտությունների կատարելագործմանը բիզնես հաղորդակցության, մարքեթինգի և վաճառքի ոլորտներում:

2008 թ. իր մեկնարկից ի վեր՝ GITI համաժողովը մրցունակությունը և նորարարությունը խթանելու համար նպատակ ունի նպաստել Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի, բալթյան, ինչպես նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ՏՏ ընկերությունների, ասոցիացիաների և կառավարությունների ներկայացուցիչների միջև գործարար կապերի ընդլայնմանը և գործընկերային հարաբերությունների հաստատմանը: Համաժողովը կազմակերպում են Վրաստանի ՏՀՏ բիզնես խորհրդն ու Վրաստանի արդարադատության նախարարության տվյալների փոխանակման LEPL գործակալությունը: