ՏՏ ոլորտի լիդերները կքննարկեն կրթական խնդիրները

Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ) կազմակերպում է «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորում` նվիրված տեխնոլոգիական ոլորտի կրթական և աշխատուժի զարգացման խնդիրներին: Ֆորումը տեղի կունենա հոկտեմբերի 12-14-ը Հանքավանի «Անի Ռեզորթ» հանգստյան տանը: Այս մասին տեղեկացնում են ԻՏՁՄ մամլո ծառայությունից:

Օրակարգային թեմաներից են`

• Հայկական ազգային ինժեներական լաբորատորիայի ներկայացում
• Ծրագրային ապահովման գերազանցության կենտրոնի ստեղծման անհրաժեշտություն
• Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի կրթական ծրագրերի ներկայացում
• Մասնավոր տեխնոլոգիական ընկերությունների կոնսոլիդացիա կրթական ծրագրերի շուրջ
• ՀՀ դպրոցներում ռոբոտաշինության խմբակների ստեղծում և այլն:

Ֆորումին կմասնակցեն ՏՀՏ հայաստանյան ընկերությունների, համալսարանների և այլ կրթական հաստատությունների, կրթության և գիտության, էկոնոմիկայի նախարարությունների, միջազգային կազմակերպությունների և մամուլի շուրջ 70 ներկայացուցիչներ։

Հանդիպմանն ավանդաբար աջակցում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության «Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության» ծրագիրը: Ծրագիրը նպատակային աջակցություն է ցուցաբերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի փոքր և միջին ձեռնարկություններին կրթական խնդիրների արդյունավետ լուծման ուղղությամբ: