Amazon-ը ներկայացրեց երեք նոր Kindle Fire պլանշետ

Այսօր Amazon ընկերությունը ներկայացրեց երեք նոր Kindle Fire պլանշետ՝ 8.9 և 7 դյույմ էկրաններով երկու Kindle Fire HDX տարբերակները ու ավելի մատչելի՝ Kindle Fire HD-ն: Երեք սարքերն ունեն ավելի արագ աշխատող պրոցեսոր, ավելի որակյալ էկրաններ, բարելավված ծրագրային ապահովում և նոր նուրբ տեսք:

Նոր տեխնիկական բնութագրերի շնորհիվ Amazon-ը հույս ունի վաճառքների լավ սկիզբ ապահովել: Kindle Fire HDX մոդելներն ունեն 2 ԳՀց հաճախականությամբ, չորս միջուկանոց պրոցեսոր, 2 Գբ օպերատիվ հիշողություն և բարելավված գրաֆիկա:

Kindle Fire HDX 8.9-ը կարժենա 329 դոլար, իսկ Kindle Fire HDX 7-ը՝ 229 դոլար (հավելյալ 100 դոլար վճարելու դեպքում գնորդը կստանա հնարավորություն ավելացնել սարքավորման մեջ 4G կապ՝ Verizon-ի կամ AT&T-ի միջոցով): Դե իսկ նոր Kindle Fire HD-ն ավելի արագ է աշխատում, քան մեկ տարի առաջ ներկայացված իր նախորդ մոդելը և կարժենա $139:

Բոլոր երեք պլանշետներն արդեն հասանելի են նախնական պատվերների  համար: 8.9 դյույմանոց HDX-ը վաճառքի դուրս կգա դեկտեմբերի 10-ից, 7 դյույմանոցը՝ նոյեմբերի 14-ին, իսկ ստանդարտ Kindle Fire HD-ն՝ հոկտեմբերի 2-ին:

Աղբյուրը՝ CNN