Apple-ը բանակցում է Google-ի հետ

Apple ընկերության գլխավոր տնօրեն Թիմ Կուկը և Google-ի տնօրեն Լարի Փեյջը բանակցություններ են վարում արտոնագրային հարցերի շուրջ, որոնց թվում են բջջային վիճելի տեխնոլոգիաները: Այս մասին գրում է Reuters-ը՝ հղելով իր գաղտնի աղբյուրներին:

Աղբյուրների խոսքով, ընկերությունների ղեկավարները նախորդ շաբաթվա ընթացքում սկսել են բանակցել և նախընտրում են չհանրայնացնել այդ բանակցությունները, որոնց հաջորդ փուլը կշարունակվի գալիք շաբաթների ընթացքում:

Հիշենք, որ Apple-ը և Google-ը օպերացիոն համակարգերի շուկայում հիմնական մրցակիցներն են: Apple-ի iOS-ը առաջատար է պլանշետների շուկայում, իսկ Google-ի Android-ը՝ սմարթֆոնների շուկայում: Վերջին շրջանում Apple-ը հրաժարվում է սեփական սարքերում Google-ի արտադրանքներից: Ինչպես օրինակ, YouTube ծրագիրը կամ Google Maps-ը լռելյայն ռեժիմով ներառված չեն լինելու iOS 6-ում:

Բացի դրանից պետք է նշել, որ Apple-ը «արտոնագրային պատերազմների» մեջ է Samsung-ի, HTC-ի և  Motorola Mobility-ի հետ: Իսկ վերջիններիս սարքերն աշխատում են Google-ի Android ՕՀ-ով: